Տավուշի մարզկենտրոն Իջեւանի փողոցները մեծամասամբ կիսաքանդ վիճակում են: Գրող, մանկավարժ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Իջեւանի «4-րդ թաղամասի» բնակիչ Զավեն Ալավերդյանը վկայում է մեծ դժվարությունների մասին, որ կրում են քաղաքի վերին հատվածում գտնվող «4-րդ թաղամաս» բարձրանող վարորդները: Պետական բյուջեից 117 միլիոն 954 հազար դրամ էր հատկացվել քաղաքի 3` Իջեւանյան, Երիտասարդական եւ Մետաղագործների փողոցների հիմնանորոգման համար: Հիմնանորոգման աշխատանքների մրցույթում շահել է «Իջեւանի Ճանշին» ՓԲԸ-ն: Ընկերությունը շուրջ 250 աշխատող ունի, այս ոլորտում Տավուշի մարզի ամենամեծ ձեռնարկությունն է: Այն ճանապահաշինական աշխատանքներ է կատարում ոչ միայն Տավուշի, այլեւ` հարեւան Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Ապրիլի 18-ին Տավուշի մարզպետարանը եւ «Իջեւանի Ճանշին» ՓԲԸ-ն հիշյալ 3 փողոցների հիմնանորոգման պայմանագիր են կնքել: Ճանապարհաշինական ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանի վկայությամբ` ապրիլի 20-ից մայիսի 5-ը փողոցների նորոգման աշխատանքներ են տարվել: Մայիսի 5-ին Բորիս Սարգսյանի անունով ստացվել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի նամակը, որով քաղաքապետը պահանջել է դադարեցնել շինարարական աշխատանքները, քանի որ դրա համար ինքը շինթույլտվություն չի տվել: Հարցի կապակցությամբ 3 անգամ քննարկում է եղել Իջեւանի ճանապահաշինական ձեռնարկության եւ քաղաքապետարանի միջեւ: Սակայն խնդիրը լուծում չի ստացել: Մնացել են միայն շինաշխատանքների մեկնարկից հետո քարուքանդ եղած փողոցները: Իջեւանի հասարակական կառույցներից մեկի ղեկավարը լրագրողիս հետ զրույցում, նկատի ունենալով քաղաքի փողոցների քարուքանդ վիճակը` կես կատակ, կես լուրջ ասաց, որ Տավուշի մարզպետարանի շենքից վերեւ գտնվող Իջեւանյան կիսաքանդ փողոցն արժանի է իր անվանը, քաղաքի ներկայիս վիճակին: Քաղաքապետարանը նշված փողոցների հիմնանորոգման թույլտվություն չէր տրամադրել եւ ամիսուկես շարունակ Իջեւանի բնակիչները եւ մարզկենտրոն այցելողները ստիպված էին քայլել սույն փողոցների քարուքանդ հատվածներով: Իջեւանի կենցաղի տան մոտակա տարածքում ցաքուցրիվ թափված են մայթեզրի սալերը: Գոյացած մեծ ջրափոսերի պատճառով դժվարացել է մեքենաների եւ մարդկանց երթեւեկը: Իրավաբանական առումով, փաստաթղթերով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի կնոջը` Արմինե Դովլաթբեկյանին (իջեւանցիների խոսքերով` փաստացի քաղաքապետին) պատկանող տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրողուհու պատրաստած եւ հունիսի 21-ին Հ2 հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժում մեղադրանք էր ներակայացված, որ «Իջեւանի ճանշինը» յուրացրել է Իջեւան քաղաքի նշված 3 փողոցների նորոգման ընթացքում հանված սալիկները եւ հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացված գումարները: Հունիսի 27-ին Հ2 հեռուստաընկերության լրատվական «Լրաբեր» ծրագրում, արդեն Հ2 հեռուստաընկերության լրագրողի պատրաստած ռեպորտաժում հերքվեցին մի շաբաթ առաջ հնչած յուրացման մեղադրանքները: «Իջեւանի ճանշին» ՓԲԸ գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը ռեպորտաժում հայտարարեց, որ նշված փողոցների նորոգման նպատակով 15-օրյա աշխատանքների համար իրենց ընկերությունը Տավուշի մարզպետարանից կանխավճար կամ կատարված աշխատանքների դիմաց գումար չի ստացել, իսկ փողոցների նորոգման ընթացքում հանված սալիկներն էլ գտնվում են իրենց ընկերության պահեստում: Որպես հունիսի 27-ի հեռուստառեպորտաժի երջանիկ ավարտ նշվեց, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի միջամտությունից հետո Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը տվել է վիճահարույց 3 փողոցներից 2-ի` Մետաղագործների եւ Երիտասարդական փողոցների հիմնանորոգման շինթույլտվությունը: Լավ է, որ տարածքային կառավարման նախարարի միջամտությունից հետո վատթար վիճակում գտնվող այդ 2 փողոցները կնորոգվեն: Սակայն հարց է ծագում` ինչու՞ Արմեն Գեւորգյանը ավելի շուտ չէր միջամտում, չէ որ 45 օր խնդիրը չէր լուծվում: Տավուշի մարզպետարանում տեղյակ չէի՞ն, որ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ «Իջեւանի ճանշինի» համասեփականատեր Արծրունի Ղալումյանի հարաբերությունները, արդեն քանի տարի, լավ չեն, ուստի շինթույլտվության հարցում խնդիրներ կարող են ծագել: Մեր տեղեկություններով` վերոհիշյալ 3 փողոցներից մեկի` Երիտասարդականի հիմնանորոգումը Իջեւանը քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել Իջեւանի «Քարարտ» ընկերության միջոցով: Վերջինս բնական քարի արդյունահանման եւ վերամշակման ձեռնարկություն է եւ մասնագիտացված չէ ճանապարհներ կառուցելու կամ նորոգելու գործում:
Ոսկան Սարգսյան




