«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ ընկերության եւ Կոթի գյուղում հաշվառված, սակայն փաստացի Իջեւան քաղաքում բնակվող, «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորացնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲ ընկերության Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել երեք միլիոն դրամ` որպես փոխհատուցում, եւս երկու հարյուր վաթսունչորս հազար դրամ (որպես դատական ծախս), որից երկու հարյուր հազար դրամը` փաստաբանին վճարած վարձատրության գումար եւ վաթսունչորս հազարը` որպես վճարված պետական տուրքի գումար: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն իր շահերի պաշտպանության համար «ԷՆ ընդ ԿԷյ քնսալթինգ» ընկերության հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, ըստ որի որպես «Իջեւանի ՃՇՇ» ընկերության լիազորված անձ հանդես է գալիս փաստաբան Նաիրա Խաչատրյանը: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ հայցադիմումի մեջ նշված է, որ այս տարվա հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավը արատավորող արտահայտություններ: Դրանք են` «գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված, մի պարզ անվամբ` Իջեւանի ճանշին ձեռնարկություն», «քանդել եւ սալահատակը ծածուկ վաճառել է», «Իջեւանի ճանշինի թեթեւ ձեռքով վաճառվել են», « մասնագիտական որակի եւ անաչառության պակասն է, որ ծնել է նման հետեւանքներ» եւ այլ որակումներ: Ցուցադրված տեսանյութերի ավարտին նշվել է` «Նաիրա Խաչիկյան, Արմեն Ասատրյան, Իջեւանի հեռուստաընկերությունից «Լրաբերի» համար: Դատական այս հայցի նախապատմությունը հետեյալն է: Ընթացիկ տարվա գարնանը պետական բյուջեից 117 միլիոն 954 հազար դրամ էր հատկացվել Իջեւանի քաղաքի 3` Իջեւանյան, Երիտասարդական եւ Մետաղագործների փողոցների հիմնանորոգման համար: Հիմնանորոգման աշխատանքների մրցույթում շահել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Ընկերությունը շուրջ 250 աշխատող ունի, այս ոլորտում Տավուշի մարզի ամենամեծ ձեռնարկությունն է: Այն ճանապահաշինական աշխատանքներ է կատարում ոչ միայն Տավուշի, այլեւ` հարեւան Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Ապրիլի 18-ին Տավուշի մարզպետարանը եւ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն հիշյալ 3 փողոցների հիմնանորոգման պայմանագիր են կնքել: Ճանապարհաշինական ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանի վկայությամբ` ապրիլի 20-ից մայիսի 5-ը իրենք փողոցների նորոգման աշխատանքներ են կատարել: Մայիսի 5-ին Բորիս Սարգսյանի անունով ստացվել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի նամակը, որով քաղաքապետը պահանջել է դադարեցնել շինարարական աշխատանքները, քանի որ դրա համար ինքը շինթույլտվություն չի տվել: Հարցի կապակցությամբ 3 անգամ քննարկում է եղել Իջեւանի ճանապահաշինական ձեռնարկության եւ քաղաքապետարանի մասնակցությամբ: Սակայն խնդիրը լուծում չի ստացել: Մնացել էին շինաշխատանքների մեկնարկից հետո քարուքանդ եղած փողոցները:Ամսուկես շարունակ Իջեւանի բնակիչները եւ մարզկենտրոն այցելողները ստիպված էին քայլել սույն փողոցների քարուքանդ հատվածներով: Իջեւանի կենցաղի տան մոտակա տարածքում ցաքուցրիվ թափված էին մայթեզրի սալերը: Գոյացած մեծ ջրափոսերի պատճառով դժվարացել էր մեքենաների եւ մարդկանց երթեւեկը: Իրավաբանական առումով, փաստաթղթերով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի կնոջը` Արմինե Դովլաթբեկյանին (իջեւանցիների խոսքերով` փաստացի քաղաքապետին) պատկանող տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրողուհու պատրաստած եւ հունիսի 21-ին Հ2 հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրում հեռարձակված ռեպորտաժում մեղադրանք էր ներկայացվել, որ «Իջեւան ՃՇՇ»-ն յուրացրել է Իջեւան քաղաքի փողոցների նորոգման ընթացքում հանված սալիկները եւ մսխել հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացված գումարները: Սակայն այդ ժամանակ կատարված աշխատանքների համար «Իջեւանի ՃՇՇ»-ն ոչ կանխավճարի, ոչ էլ կատարված աշխատանքների դիմաց պետբյուջեից գումարներ չէր ստացել: Իսկ փողոցների նորոգման աշխատանքների պատճառով հանված սալիկները ի պահ են հանձնվել «Իջեւանի ՃՇՇ» ընկերության պահեստ: Հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի միջամտությունից հետո Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը տվել է վիճահարույց 3 փողոցներից 2-ի` Մետաղագործների եւ Երիտասարդական փողոցների հիմնանորոգման շինթույլտվությունը: Լավ է, որ տարածքային կառավարման նախարարի միջամտությունից հետո խնդիրը լուծում է գտել: Սակայն ինչու՞ Արմեն Գեւորգյանը ավելի շուտ չէր միջամտում, չէ որ 45 օր հարցը չէր լուծվում: Մեր տեղեկություններով` վերոհիշյալ 3 փողոցներից մեկի` Իջեւանյանի հիմնանորոգումը Իջեւանը քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել մրցույթով ընտրված շինարարական կազմակերպության միջոցով: Ի դեպ, «Իջեւանի ՃՇՇ»-ն այժմ ավարտել է Երիտասարդական փողոցի նորոգման աշխատանքները, ընկերության կողմից Մետաղագործների փողոցի վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Իսկ Իջեւանյան փողոցում նորոգման աշխատանքները դեռեւս չեն սկսվել: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցով դատական առաջին նիստը նշանակված է օգոստոսի 18-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում (դատավոր` Արշակ Շահոյան): Փոքր չէ տեղական հեռուստաընկերության դեմ հայցով պահանջվող գումարի չափը` 3 միլիոն 264 հազար դրամ: Մասնագիտական համերաշխությամբ մեր համակրանքը պիտի լրատվամիջոցի եւ լրագրողի կողմը լիներ: Սակայն հիշենք, որ 2008թվականին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, ավագանու հաստատմամբ, համայնքի բյուջեից հանելով 930 հազար դրամ (որպես փաստաբանական ընկերության վճարվելիք գումար), իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու պատճառաբանությամբ դատի տվեց «Հետքին» եւ տողերիս հեղինակին: Վերն արդեն նշել ենք, թե «Իջեւան ստուդիան» ում սեփականությունն է:
Ոսկան Սարգսյան





Da nranice vor chshtvac, aveli konkret patverov lurer e haxordum, de qez tesnenq Naira
եթե գրել է ուրեմս մի բան կա ետ աղջկանից ձեռ քաշեք ժոցովուրդը այդպես է մտածում այ ֆաստում գել–էր
Մասնագետ: yerevwume dueles inchvor meki fastum gel