Չհաստատեցին օրակարգը

1 130 դիտումներ

Թեեւ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Իջեւանի քաղաքապետի ընտրություններից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն ընտրություների հետ կապված լարվածությունը շարունակվում է: Նման բան կարելի էր եզրակացնել  հունվարի 25-ի ավագանու նիստից: Վարդան Ղալումյանը ընտրվել է քաղաքապետ, որպես ավագանու անդամ նրա լիազորությունները դադարեցվել են, ավագանու անդամ Հովիկ Խեչյանն էլ  խուլիգանության գործով քննվող քրեական գործով  տարեմուտից առաջ կալանավորվել է: Ավագանու 15  անդամից այդ նիստին մասնակցում էին 13-ը: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից հանդիսացող ավագանու անդամները ժամը 10-ին նշանակված նիստին ներկայացան միասին, քաղաքապետի աշխատասենյակում էլ նստած էին իրար կողքի: Սպասվում էր, որ նիստի ժամանակ էլ նրանք  կազմակերպված ձեւով  հանդես կգան: Հունվարի 25-ին  պետք է հաստատվեր համայնքի 2012 թվականի բյուջեի նախահաշիվը, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակները եւ պաշտոնային դրույքաչափերը, 2012թ. տեղական տուրքերի ու  վճարների չափերը եւ այլն:  Նիստի  սկզբում ավագանու անդամներ Նարինե  Գրիգորյանը ու Հասմիկ Ամիրյանը հայտնեցին, որ  նիստի օրակարգը ստացել են ոչ թե անձամբ, այլ`մի դեպքում` խանութպանից կամ հարեւանի միջոցով: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը հայտնեց, որ օրակարգը մի շաբաթ առաջ փոստով ուղարկել են ավագանու անդամներին: Ավագանու անդամ, Իջեւանի նախկին քաղաքապետի հարազատ եղբայր, «Իջեւանի բժշկական կենտրոնի» տնօրեն Հրաչ Ներսիսյանն  էլ դժգոհեց, որ քաղաքի աղբահանությունն իրականացնող կոմունալ տնտեսությանը այս տարվա բյուջեով 79 միլիոն դրամ է նախատեսված:  Ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանն էլ հավելեց, որ կոմունալ տնտեսության համար նախատեսվածն ավելի է, քան քաղաքապետարանի  աշխատակազմի համար նախատեսված գումարը: Նշենք, որ 2012-ին կոմունալ տնտեսության համար նախատեսված գումարը 2011-ի համեմատ աճել է  5 միլիոն դրամով, անցյալ տարի էլ կոմունալին հատկացվածը մեծ է  եղել քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձի գումարից, նախորդ տարիներին էլ ավագանու վերոհիշյալ անդամները հաստատել են տեղական բյուջեն: Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գեւորգյանը հայտնեց, որ 2011թ. վերջին քաղաքապետարանի աշխատավարձի եւ այլ պարտքերը կազմել են 5 միլիոն 368 հազար դրամ: Իջեւանի ավագանու անդամները քվեարկությամբ , 6 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ մերժեցին հաստատել նիստի օրակարգը:  Օրակարգի հաստատմանը դեմ քվեարկածները  քաղաքապետ Վարդան Ղալումյանից պահանջեցին ավագանու հաջորդ նիստին լսել կոմունալ տնտեսության, նաեւ քաղաքապետարանի մյուս հիմնարկների տնօրենների աշխատանքների տարեկան հաշվետվությունը:  Վարդան Ղալումյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների թափանցիկ աշխատանքին: Կարելի կռահել , թե ինչու Վարուժան Ներսիսյանի  կողմնակից ավագանու անդամները շեշտեցին հատկապես կոմունալ տնտեսության տնօրենի հաշվետվության անհրաժեշտությունը: Այդ հիմնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը  2011թ. մայիսի 29-ին ընտրվել է ավագանու անդամ, դրանից հետո նրա փոխարեն  հիմնարկի տնօրեն է դարձել Չիբուխչյանի քրոջ որդին` Էդգար Մեհրաբյանը: Սամվել Չիբուխչյանը մասնակցում էր նիստին եւ կողմ քվեարկեց օրակարգի հաստատմանը: Դե մնացածը երեւի դրա հետ կապ ունի… Իջեւանը  Տավուշի մարզի 62 համայնքներից  միակն է, ուր դեռ չի հաստատվել այս տարվա բյուջեի նախահաշիվը:

Ոսկան Սարգսան


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (3 votes, average: 2,33 out of 5)
Loading ... Loading ...

Տարածեք հոդվածը սոց. ցանցերում



Տեսանկյուն-ի մասին