Այգեպարի գյուղապետ. «Բեզարել եմ կրակոցներից եւ լրատվամիջոցներից»

381 դիտումներ

Գնդակները մտել են տներ

 

Մարտի 28-ին,ժամը 19.30-ից մինչեւ 21.15-ը ադրբեջանական  զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Չինարին: Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գնդակները խոցել են տների պատուհաններ,մտել տների հատակներ: Այդ բնակարաններում ապրող երեխաները վախ են ապրել: Չինարիի գյուղապետն ասաց, որ հայ սահմանապահներն արժանի հակահարված են տվել ազերիներին: Այդ պահին Սաղոյանի կողքին հարեւան Չորաթանի գյուղապետ,ազատամարտի տարիներին Չորաթանի  ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վարուժան Բաղմանյանն էր: Չինարիի  գյուղապետն ասաց, որ Վ. Բաղմանյանը եկել է  տեսնելու իրավիճակը, նաեւ ոգեւորելու չինարեցիներին:

Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ մարտի 28-ի երեկոյան մոտ  մի ժամ, ընդհատումներով ադրբեջանական զինուժը գնդակոծել է  գյուղը, վնասներ չկան: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց , որ մարտի 27-ի գնդակոծությունից ծակվել են գյուղի տների տանիքներ:  Նրա խոսքերով՝ մարտի 28-ի երեկոյան  գնդակոծության վնասները պարզ կդառնան մարտի 29-ի ցերեկը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ  մարտի 28-ի  ժամը 17-ից  հետ մի քանի ժամ գնդակոծություն  է եղել, հատուկետ կրակոցները դեռ շարունակվում են: «Բեզարել  եմ կրակոցներից եւ լրատվամիջոցներից:  Լրագրողները զանգում են, հարցնում, թե խի են կրակում, գնդակները  ո՞ր ուղղությամբ են..»,-ասաց Ա. Այդինյանը:

 

 

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ



 


Տարածեք հոդվածը սոց. ցանցերում


Տեսանկյուն-ի մասին