Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Բերդ» երգչախմբի երեխաները ելույթ են ունեցել Վրաստանում և Աբխազիայում

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ «Բերդ» երգչախմբի երեխաները «Միասին» միջազգային երգչախմբի կազմում համերգային շրջագայության են մեկնել Վրաստան և Աբխազիա: Հոկտեմբերի 8-18-ը երգչախումբը ելույթ է ունեցել մի շարք քաղաքներում:

«Միասին» երգչախումբը, որը համախմբել է Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի պատանի երգիչներին և երաժշտական դպրոցների ուսուցիչներին, ստեղծվել է «ԱրտԱս» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Միջազգային երգչախումբ» նախագծի շրջանակում:

Դոցենտներ Ֆրանցիսկա Ուելթիի և Ժոնն-Դանիել Ժիղոյի ղեկավարությամբ երեխաները ներկայացնում են տարբեր ժողովուրդների ազգային երգեր, ինչպես նաև մարմինը որպես հարվածային գործիք  օգտագործելու հմտություններ:

Երեխաների, խմբավարների առաջին հանդիպումը կայացել է 2018թ.-ի հոկտեմբերին, երկրորդը՝ 2019թ.-ի փետրվարին, երրորդը՝ հուլիսին: Նախքան միջազգային շրջագայության մեկնելը՝ երգչախումբը հանդես է եկել հայաստանյան համերգներով:

«Հոկտեմբերի 8-ին մեկնեցինք Վրաստան՝ Ռուսթավ, որտեղ հանդիպեցինք «Տուտարչելա» երգչախմբի խմբավար Թամար Բուաձեին:  Երեխաները ծանոթացան միմյանց  հետ,  և մի քանի փորձերից հետո՝ հոկտեմբերի 9-ին, կայացավ  «Միասին» և «Տուտարչելա» երգչախմբերի համատեղ հիանալի համերգը: 1.5 ժամ տևողությամբ համերգի ընթացքում երեխաները կատարեցին երգեր աշխարհի տարբեր լեզուներով»,-տեղեկացրեց «Բերդ» երգչախմբի խմբավար Հերմինե Փալանդուզյանը:

Այնուհետև երգչախմբի անդամները մեկնել են Աբխազիա:

«Օչամչիրայում ծանոթացանք «Ծիածան» երգչախմբի հետ, այնուհետև հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Միասին» և «Ծիածան» երգչախմբերի համատեղ համերգը: Հոկտեմբերի 14-ին մեկնեցինք Սուխում, որտեղ երեխաները ելույթ ունեցան ծովափին: Հաջորդ համերգը հոկտեմբերի 15-ին էր՝  Գուդաուտա քաղաքում, որտեղ երեխաներին նաև տեսարժան վայրերին ծանոթանալու հնարավորություն ընձեռվեց: Այնուհետև վերադարձանք Վրաստան և հոկտեմբրի 17-ին Թբիլիսիում արդեն որպես հանդիսատես վայելեցինք  «Տուտարչելա» խմբի  համերգը»,-հավելեց Հերմինե Փալանդուզյանը:

 «Միասին» երգչախմբում  Բերդ համայնքից  ընդգրկված է 5 երեխա՝ Բերդից, Նորաշենից, Այգեպարից, Չինչինից և Իծաքարից:

Լուսանկարները՝ «Բերդ» երգչախմբի ֆեյսբուքյան էջից

 

Հրապարակվել է։ 08:44 29/10/2019