Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Հայարտան» սաների այցը սահմանամերձ Բերդավան


Հայ առաքելական  եկեղեցու Տավուշի եւ Վիրահայոց թեմերի միջեւ պայմանավորվածության, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  ջանքերի շնորհիվ երկու ամիս առաջ  կայացավ բերդավանցի երեխաների  այցը Թբիլիսի,   Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց  թեմի «Հայարտուն»   կրթամշակութային կենտրոն։ Ապրիլի 7-ին  կայացավ պատասխան այց, Թբիլիսիից սահմանամերձ  Բերդավան էին ժամանել  «Հայարտուն»  կրթամշակութային կենտրոնի երգ ու պարի համույթների անդամները։ Նրանք եղան 12-րդ դարի  Ղալինջաքար բերդում, սահմանամերձ այդ տարածքում քոչարի պարեցին, ծանոթացան Բերդավանի հերոսական տարեգրությանը,աղոթեցին հնամենի բերդի մոտ գտնվող  ավերված եկեղեցում։  Այնուհետեւ այց կատարվեց  Բերդավանի գինու գործարան, ուր գործարանի տնօրեն Գագիկ Աղաբաբյանը հյուրերին  ներկայացրեց Բերդավանում գինեգործության ավանդույթները, թիֆլիսցի երիտասարդները  համտեսեցին գործարանի արտադրանքը՝ գինին եւ պահածոները։  Տոնական օրը  եզրափակվեց  Բերդավանի մշակույթի կենտրոնում կայացած համերգով, որտեղ  հանդես եկան  Բերդավանի երաժշտական դպրոցի  եւ «Հայարտան» սաները ։ Միջոցառման ժամանակ  օրվա խորհրդի մասին  խոսք ասացին   Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպաս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։  «Հայարտուն»    կրթամշակութային կենտրոնի կողմից հուշանվեր հանձնվեց Բերդավան համայնքին, Բերդավանի «Արար»    մշակութային կենտրոնի նկարչական խմբի սաների պատրաստած նվերն էլ հանձնվեց «Հայարտուն»   կենտրոնին։ Հավելենք, որ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանի աշխատանքի շնորհիվ  սահմանամերձ Բերդավանի մշակութային, մարզական կյանքը շատ  աշխույժ  է։

Հրապարակվել է։ 00:26 10/04/2019