Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի ցանկում

Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից

«Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայնն է: Այն ժառանգության պահպանման հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է, որին աջակցում է պետական մարմինների լայն ցանցը, մասնավոր ընկերություններ և անհատներ` ընդգրկելով ավելի քան 40 երկիր: Հիմնադրվելով 1963 թվականին` այն այսօր ճանաչված է որպես Եվրոպայում ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Կազմակերպության նախագահն է հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն:

2013 թվականի հունվարին մեկնարկած «7 ամենավտանգված հուշարձան» ծրագիրը քաղաքացիական հասարակության արշավ է` միտված Եվրոպական վտանգված ժառանգության փրկությանը: Թեև այն ուղղակի ֆինանսավորում չի տրամադրում, սակայն բարձրացնում է խնդրի մասին իրազեկվածությունը, հրապարակում առկա վտանգի սեփական գնահատումը, առաջարկում  գործողությունների հնարավոր ծրագրեր` հասարակական և մասնավոր աջակցությունը մոբիլիզացնելու համար: Ծրագիրը իրականացվում է Եվրոպա Նոստրայի և «Եվրոպական ներդրումների բանկ» ինստիտուտի կողմից` Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ:

Եվրոպական ժառանգության 14 հուշարձաններ, որոնք նոմինացվել են «7 ամենավտանգված հուշարձան 2020»-ի համար.

Ալբանիայի Ազգային Թատրոն, Տիրանա, Ալբանիա

Կարաս - գինու ավանդական տարաները, Հայաստան

Խորանաշատ Վանք, Տավուշի մարզ, Հայաստան

Եզերի ամրոց, Հորնի Յիրետին, Չեխիա

Տապիոլա լողավազան, Էսպոո, ֆինլանդիա

Սամեզանո ամրոց, Տոսկանիա, Իտալիա

Սիբարիսի հնագիտական պարկ, Իտալիա

Իվիք տուն, Վասսենաար, Նիդերլանդներ

Y-block, Կառավարական թաղամաս, Օսլո, Նորվեգիա

Սոմբիերկի էլեկտրակայան, Բիտոմ, Լեհաստան

Բելգրադի ամրոցը և շրջակայքը, Սերբիա

Պլեչնիկ մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա

Cuatro Caminos մետրոյի կայանատեղի, Մադրիդ, Իսպանիա

Եգիպտական սրահներ, Գլազգո, Միացյալ Թագավորություն:

 

Հրապարակվել է։ 08:38 11/12/2019