Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի ավագ դպրոցում կայացավ Արեգ Ամիրաղյանի անհատական ցուցահանդեսը

 

Այն, որ Նոյեմբերյանը միշտ էլ աչքի է ընկել տաղանդավոր արվեստագետներով, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Դրա վառ ապացույցն այսօր Նոյեմբերյանի ավագ դպրոցում կազմակերպված ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին դպրոցի տաղանդավոր սաներից մեկի՝ Արեգ Ամիրաղյանի անհատական աշխատանքները:

Արդեն 3 տարի է, ինչ Արեգը հաճախում է «Արար» հայ արվեստի հանրահռչակման և պահպանման ծրագրի փայտի փորագրության խմբակ, որտեղ վարպետ Արմեն Գոգինյանի շնորհիվ ծանոթանում է արվեստի այս ճյուղի գաղտնիքներին: Վարպետի գլխավորությամբ՝ հենց Արեգն ու իր ընկերներն են հեղինակել Նոյեմբերյանի եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, հիմա էլ աշխատում են ևս մեկի վրա, որը կտեղադրվի Բերդավանում:

Արեգի խոսքով՝ ստեղծագործելու համար իրեն հատուկ միջավայր կամ կոնկրետ ժամանակ հարկավոր չէ. կարող է ստեղծագործել ցանկացած պահի: Արդեն 12-րդ դասարանում սովորող Արեգը որոշել է ճարտարապետ դառնալ, իսկ փորագրությունը կմնա որպես հոբբի՝ նայած, թե աշխատանքը որքան հնարավորություն կտա ժամանակը արվեստին նվիրելու:

Ցուցահանդեսին ներկա էին երիտասարդ արվեստագետի համադասարանցիները, դասղեկ Նաիրա Անանյանը, դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանը, ուսուցիչներ, աշակերտներ, արվեստը սիրող ու գնահատող մարդիկ: Միջոցառման ավարտին Արեգն իր աշխատանքներից մեկը նվիրեց պարոն Գիշյանին, իսկ վերջինս իր հերթին զինվորի աղոթագիրք նվիրեց ապագա զինվորին:

Շնորհակալություն ենք հայտնում «Արար» հայ արվեստի հանրահռչակման և պահպանման ծրագրին՝ մեր համայնքի երիտասարդներին ինքնադրսևորվելու և իրենց տաղանդը բացահայտելու հնարավորություն տալու համար, դե, իսկ վարպետ Գոգինյանին էլ մաղթում ենք քաջ առողջություն, որ Նոյեմբերյանում արեգների պակաս չզգանք:

 

Հրապարակվել է։ 06:54 23/01/2020