Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նվիրված էր Ռուսլան Մալինյանի ստեղծագործական ուղուն


Մայիսի  10-ին  Նոյեմբերյանի  մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր  գրող, աշխարհագրագետ, մանկավարժ Ռուսլան Մալինյանի ստեղծագործական ուղուն: Այն կազմակերպել էին Նոյեմբերյանի տարածաշրջանի կրթության եւ  գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությունը  եւ  Լճկաձորի հիմնական դպրոցի կոլեկտիվը: Ելույթ ունեցողները ներկայացրին Ռուսլան Մալինյան  մարդուն,շնորհալի  գրողին, ում ստեղծագործությունները սկիզբ են առնում հայրենի բնության եւ  բնաշխարհի մարդկանց հանդեպ սիրուց։ Ռ Մալինյանը սերում է հայրենասեր,բնապաշտ ընտանիքից։ Նրա հայրը՝ Թորոս Մալինյանը տարիներ  շարունակ հաջողությամբ ղեկավարել  է  այգեգործական բրիգադ։ Ռուսլան Մալինյանի եղբայրը՝ Հարություն Մալինյանը հայրենասեր բանաստեղծ էր,  զոհվեց 1991թ․ մայիսի 4-ին՝ հայրենիքի  սահմանը պաշտպանելիս։ Մշակութային   միջոցառման ժամանակ ելույթ ունեցածներն անդրադարձան Ռուսլան Մալինյանի  պատվածքների վերջին՝ «Ծիրան ծառ» ժողովածուին։Ռ․  Մալինյանի եւ նրա ստեղծագործությունների վերաբերյալ խոսք ասացին  Տավուշի մարզպետարանի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետի  պաշտոնակատար Մանե Ղազումյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային  բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, վաստակաշտ ուսուցիչ Սերյոժա Ալեքսանյանը, Լճկաձորի  դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանը,  եւ ուրիշներ։ Նկարիչ, բանաստեղծ Զավեն Պետրոսյանը  Ռ․ Մալինյանին նվիրված իր ձոնը հնչեցրեց։ Ժողովրդական վարպետ   Արմեն Գոգինյանը Ռ․ Մալինյանին  նվիրեց ծիրանի ծառի պատկերով փայտե աշխատանք։  Ռ․ Մալինյանի համար  նվեր էր պատրաստել նաեւ նրա աշակերտուհին՝ «Հույսի կամուրջ»  ՀԿ Նոյեմբերյանի երեխայի զարգացման կենտրոնի տնօրեն Լուսինե Անտոնյանը։ Ցերեկույթը հագեցած էր արվեստով։  Լճկաձորի  երեխաների պարային ելույթները, երաժշտական  կատարումները գեղեցիկ էին։ Պարային համույթի համար տպավորիչ  պար էր բեմադրել եւ  խմբի կազմում  գեղեցիկ ելույթ ունեցավ  Ռուսլան Մալինյանի ուսուցչուհի դուստրը՝ Ռուզանը։ Ռ․Մալինյանի  թոռնուհի  փոքրիկ Ամալյան  հմուտ կերպով  դհոլ  նվագեց։ Միջոցառումը հագեցած էր եւ ներկաներին լուսավոր ապրումներ  պարգեւեց։

Հրապարակվել է։ 13:38 13/05/2019