Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պատկերասրահի շենքի խնդիրը դեռ քննարկում են


2019թ սկզբին, երբ Վարդան Ղալումյանը  պաշտոնավարում էր որպես Իջեւան  համայնքի ղեկավար, որոշվել է  որ Իջեւանի պատկերասրահի շենքում պետք է  գործի  Իջեւան քաղաքի եւ Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին «մեկ պատուհանի» սկզբունքով տարաբնույթ սոցիալական ծառայություններ մատուցող  կենտրոն, շենքի մի հարկը  գործելու էր որպես պատկերասրահ։  Հիշյալ կենտրոնը գործարկելու նպատակով վթարային այդ շենքը պետական բյուջեից հատկացվելիք 200 միլիոն դրամով պետք  է   հիմնանորոգվեր։ 2019թ հոկտեմբերի 12-ին Իջեւանում կայացել է  Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում  սոցիալական ինտեգրված ծառայություների կենտրոն գործարկելու վերաբերյալ հանրային քննարկում, որի  մասնակիցները նշել են, որ Իջեւանի  պատկերասրահի շենքային պայմանները  շատ վատթար են,ցուցանմուշ հանդիսացող բազմաթիվ նկարներ ոչ թե պատից կախված են, այլ սրահի անկյուններում դրված: Քննարկման ժամանակ հայտարարվել է , որ պատկերասրահի շենքի նորոգումից հետո դրա մի հարկը շարունակելու է գործել որպես պատկերասրահ: Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հայտարարել է, որ պատկերասրահը նախկինում իր աշխատասենյակի դիմաց էր, եւ ինքը մշտապես տեսել է,թե ինչքան սակավ այցելուներ են լինում պատկերասրահում, այնտեղ անցկացվող մշակութային միջոցառումների մասնակիցները քչաթիվ են:  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինը` Արմինե  Թումանյանը բուռն ելույթ է ունեցել` ասելով, որ այդ շենքը պետք է միայն որպես պատկերասրահ ծառայի, այդտեղ պետք է մշակութային տարբեր ծրագրեր իրականացվեն: Գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար է դարձել  2019թ հուլիսի 19-ին: «Ժամադադար» հաղորդաշարի թողարկումներից մեկում Արմինե Թումանյանը, հայտարարել է, որ Իջեւան քաղաքում սրճարան չկա, ուր ծխելն արգելված է, պատկերասրահի շենքի 3-րդ հարկում հարկ է նման սրճարան գործարկել: Նշենք, որ Իջեւանում առնվազն 2 սրճարան  է գործում, ոււր ծխելն արգելված է։  Նույն հաղորդման մեջ մարզպետի տիկինը այսպես  է արտահայտվել  2019թ  սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանի մասին .«Ժամանակավոր նշանակված է, ընտրությունները կլինեն մի քանի ամսվա մեջ, չգիտեմ, ամեն դեպքում, ես ավելի շատ սպասելիքներ ունեի, կարծում էի, որ մշակույթն ավելի գնահատող կլինի, բայց, փաստորեն, ոչ, բաց տեքստով խոսանք»:  Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա հարսանիքի քավորը: «Տեսանկյունը» գրավոր  հարցում  է  ուղարկել Տավոււշի մարզպետ Հայկ Չոբանյանին, հարցնելով նրա դիրքորոշումը  Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում  «մեկ պատուհանի» սկզբունքով գործող սոցիալական ինտեգրված ծառայությունների կենտրոն գործարկելու վերաբերյալ։ Մարզպետի պատասխանում նշված է« Իջեւանի պատկերասրահից Ինտեգրված սոցիալական ծառայության համար տարածք տրամադրելու հարցը  դեռևս քննարկման փուլում է»:

Հրապարակվել է։ 06:36 25/01/2020