Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թատրոնի միջազգային օրը՝ Նոյեմբերյանում


Մարտի 27-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի դահլիճը տոնական տեսք ուներ: Այն զարդարված էր  Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի տարբեր տարիներին ունեցած  ներկայացումների ազդագրերով: Նոյեմբերյանի թատրոնը 80 տարեկան է, 60 տարի առաջ  ժողովրդական թատրոնի կոչում է ստացել: Թատրոնի անցած ուղու եւ նվաճումների  մասին ելույթ ունեցավ խորհրդային տարիներին  Նոյեմբերյանի  շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ Արծրուն Հարությունյանը: Նա ասաց, որ ինքը 18 տարեկան էր, երբ Նոյեմբերյանի թատրոնը բեմադրեց «Պեպո» ներկայացումը, որը  բարձր գնահատվեց թատերասերների կողմից : Նոյեմբերյանի « Ասպարեզ» թատրոնի հաջողությունների մասին խոսք ասացին  այդ  թատրոնի ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը, Թբիլիսիի  «Անցումային միջանցք» թատերախմբի ղեկավար Արտեմ Գրիգորենցը, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը: Բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը ձոներգ նվիրեց Նոյեմբերյանի թատրոնի դերասանուհի Նաիրա Աբրահամյանին: Իրենց ելութներով ներկաներին գեղագիտական բավականություն պատճառեցին  մասնագիտությամբ բժշկուհի, երգչուհի Անահիտ Մուղդուսյանը, Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի դերասանուհի, ասմունքող Նաիրա Աբրահրամյանը,  հեղինակային երգերի հեղինակ եւ կատարող Կարինե  Ալեքսանյանը, պարային համույթի ղեկավար, պարուհի Ինեսա Ասատրյանը, պարուհի Անուշիկ Խաչիկյանը:  Սամվել Բեգլարյանը եւ Նաիրա Աբրահամյանը մի հատված ներկայացրին  Նոյեմբերյանի թատրոնի «Եզոպոս» ներկայացումից։ Միջոցառմանը մասնակցում էր Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը՝ տիկնոջ հետ: Համայնքապետը թատերական արվեստի մեջ մեծ ներդրման համար համայնքապետարանի պատվոգրեր հանձնեց Սամվել Բեգլարյանին եւ Նաիրա Աբրահամյանին, Նաիրա Աբրահամյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը։

Հրապարակվել է։ 01:08 29/03/2019