Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզի բոլոր հեռուստաընկերությունները փակ են


Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2018թ Փետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003 թվականից Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում հեռուստահաղորդումներ էր հեռարձակում: Իջեւանի հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»): Հետագայում այդ քրեական գործը կարճվել է։ 2019թ օգոստոսի 28-ին Իջեւան քաղաքում  Տավուշի մ արզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ  «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել 2 միլիոն 559 հազար 550 դրամ՝ որպես պայմանագրային պարտավորությունների չկատարման հետեւանքով  ձեւավորված պարտքի գումար, «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ  «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել նաեւ  51 հազար 991 դրամ, որպես  նախապես վճարված պետական տուրքի գումար։ Օրենքով սահմանված ժամկետում՝ մեկ ամսում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սույն վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի  մեջ։ Տավուշի մարզային« Տավուշ ՏՎ»-ն 2017թ մարտից դադարեցրել է հեռարձակումը։ 2017թ հունվարի 10-ին դատարանի վճռով այդ հեռուստաընկերությունը ճանաչվել է սնանկ։  Այդ հեռուստաընկ,երության պարտատերերը 3-ն են՝ հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն։  Նոյեմբերյան քաղաքում 1991թվականից անալոգային հեռարձակում իրականացնող « Քամուտ»   հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը 2019թ մարտի 14-ին հանձնել է այդ հեռուստաընկերության հեռարձակման արտոնագիրը։ 2019թ մայիսի 17-ին իր  պաշտոնավարման 100-օրյակի կապակցությամբ Ենոքավան գյուղում  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ամենաուշը 2019թ օգոստոս ամսին Տավուշում մարզային հեռուստաընկերությունը կգործարկվի։ Սակայն  ներկայումս Տավուշի մարզում որեւէ հեռուստաընկերություն չի գործում։ Տավուշի մարզպետարանը հայտարարել է, որ մարզպետարանը Իջեւանի Ինֆոտան հետ համատեղ լրագրողական կադրեր է պատրաստելու մարզում գործարկվելիք  հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համար։

 

Հրապարակվել է։ 06:55 06/11/2019