Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տրվեց Սուրբ Ծննդյան տոնակատարությունների մեկնարկը

Բերդի համայնքապետարանի պաշտոնական  կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ   դեկտեմբերի 9-ին, Տավուշի թեմի՝ Բերդի «Շանթ և Քրիստինե Թոբի» կիրակնօրյա դպրոցի սաների, Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբի ելույթներով տրվեց Սուրբ Ծննդյան տոնակատարությունների մեկնարկը:

Ցերեկույթին ներկա էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Մովսեսի և հարակից բնակավայրերի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այլ հյուրեր:

Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, խոսելով Տավուշի թեմի՝ համայնքում գործող կիրակնօրյա դպրոցների մասին, ասաց. «Երբ Սրբազան հայրն այցելեց մեր տարածաշրջան, նշեց, որ սահմանագոտում պիտի ունենանք արժանապատիվ կյանքով ապրող ժողովուրդ, և այդ նպատակին հասնելու համար մեր ամենամեծ ներդումը պետք է լինի երեխաների դաստիարակությունը. մենք ստանձնեցինք մեր երեխաների հոգևոր խնամքը, որպեսզի ապագայում ունենանք տոկուն նկարագրով երիտասարդներ»:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր երախտագիտությունը հայտնեց ուսուցիչներին. «Մեր հայրերը շատ կարևոր հայտարարություն են արել. երեխա ունենալն առաքելություն է, սակայն ավելի մեծ առաքելություն է երեխային մեծացնելը, դաստիարակելը, խնամելը, սիրելը... դուք այդ առաքելության կրողն եք, սիրելի՛ ուսուցիչներ, ինչի համար մեր մեծ գնահատանքը և շնորհակալությունը ձեզ»:

Դիմելով երեխաներին՝ Տավուշի թեմի առաջնորդը նշեց. «Թո՛ղ մեր Տիրոջ շնորհները միշտ ձեզ վրա լինեն: Համաձակ եղեք, բարի, ստեղծող... Ոչնչից չերկնչե՛ք, դուք Աստծո աենասիրելի զավակներն եք, օրհնվեք»:

Նշենք, որ Բերդ համայնքում գործում է Տավուշի թեմի 13 կիրակնօրյա դպրոց, որտեղ հաճախում է մոտ 500 աշակերտ:

Հավելենք, որ մինչև դեկտեմբերի 26-ը Տավուշի թեմի բոլոր կիրակնօրյա դպրոցներում կհնչի  Տիրոջ Ծննդյան ավետիսը:

Լուսանկարը՝ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 08:55 10/12/2019