Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

13 մլն եվրո՝ Շիրակում, Լոռիում եւ Տավուշում զբոսաշրջության զարգացման համար


Եվրոպական միության կողմից առաջիկայում   Հայաստանում  իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո  արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք  մարզերը ՝  Շիրակ, Լոռի եւ  Տավուշը։ Այս  մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին, տեղեկացնում է Արմենպրեսսը։ «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք  կկարողանանք  սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի  եւ  հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված  է  ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝  Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝  Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,-նշեց դեսպանը։ Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո  գումարի շրջանակներում փոքր  ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝  զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք  մեծ հույս ենք կապում այս երեք  մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու  ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: Անշուշտ, մի քանի տարի կպահանջվի արդյունքների  տեսանելի լինելու համար, ուստի, պետք է  համբերատար լինեք: Բայց մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Հուսով ենք, շուտով կստորագրենք  պայմանագիր մեր գործընկեր կառույցի՝  Գերմանիայի զարգացման գործակալության հետ: Ես  երազում եմ, որ աշնանը հիմնական աշխատանքները սկսվեն»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին: Այս պահին Եվրամիությունը ՀՀ  կառավարության հետ քննարկում է  նաև համայնքների աջակցության ծրագիր: Այն լինելու  է ՀՀ-ԵՄ 2019 թվականի  գործողությունների ծրագրում: «Այս ծրագրի մանրամասները դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ դեռ ՀՀ կառավարության հետ քննարկումների փուլում ենք, բայց մենք ուզում ենք, որ գումարն  անմիջապես ուղղորդենք տեղական համայնքներին՝ գյուղերին և քաղաքներին: Հայաստանում իմ  գործունեության առաջին իսկ օրվանից դա ինձ համար եղել  է առաջնահերթություն՝  նախագծերը կենտրոնացնենք Երևանից դուրս՝ մարզերում, տեղական համայնքներում: Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, և լիահույս եմ, որ այս ծրագիրը լավ կիրականացվի»,- հավաստեց դեսպանը: 

Հրապարակվել է։ 12:09 21/06/2019