Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

15 տարվա հանքավայրն արգելել են շահագործել


«Կողբաքար»  ՍՊԸ-ն  15 տարի՝ 2003-2018թթ  Դեբեդ գետից,  Տավուշի մարզի  Պտղավան գյուղի տարածքում օրինական կարգով  ավազ եւ կոպիճ է արդյունահանել։ 2018թ հունիսին  ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունն    ընկերությանն արգելել  է ավազակոպճային խառնուրդ արդյունահանել։ 2019թնոյեմբերի  27-ին  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի  կարգադրությամբ ստեղծվել է «Կողբաքար»  ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդ  հանքավայրի շահագործման  հետ կապված խնդիրն ուսումնասիրող մասնագիտական հանձնաժողով։  «Տեսանկյունը» գրավոր դիմել է մարզպետին, հարցնելով, թե  ի՞նչ է պարզել այդ  հանձնաժողովը, խնդիրը լուծվե՞լ  է։ Տավուշի  մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի  ստորագրությամբ պատասխանում նշված է « 05.12.2019թ. Տավուշի մարզպետարանում կայացել է ՀՀ Տավուշի մարզպետի 27.11.2019 թ. թիվ 467-Ա  կարգադրությամբ ստեղծված Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող «Կողբաքար» ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման հետ կապված խնդրի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստ: Հաշվի առնելով քննարկման արդյունքները եւ   այն, որ սահմանապահ զորքերի ներկայացուցչի կողմից բացառվել է այդ հատվածում հանքավայրի շահագործումը՝ որոշվել է. 1) Հաշվի առնելով, որ «Կողբաքար» ՍՊԸ-ն 2018 թվականի հունիս ամսից մինչ այժմ փաստացի հանքարդյունահանում չի իրականացնում՝ առաջարկել լիազոր մարմնին ժամանակավորապես կասեցնել ընկերությունից ընդերքօգտագործման համար պետական տուրքի գանձումը: 2) Առաջարկել «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մ.Փաշիկյանին լիազոր մարմնին դիմելու եւ  այլ տեղամասից ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար: 3) Հաշվի առնելով, որ լիազոր մարմնի և «Կողբաքար» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված իրավունքները եւ  պարտականությունները հնարավոր չէ իրականացնել` խնդրել լիազոր մարմնին քննարկել «Կողբաքար» ՍՊԸ-ին կրած վնասների սահմանված կարգով հատուցման խնդիրը:   ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 20.02.2020թ. N02/12.4/5551-2020 հանձնարարականի հիման վրա`  խնդիրը կրկին ուսումնասիրվել է տեղում՝ տնտեսվարողի եւ  համայնքի մասնագետների մասնակցությամբ: Արդյունքում` վերը նշված խորհրդակցությունում ներկայացված փաստերը որևէ փոփոխության չեն ենթարկվել: Հանքավայրի շահագործման նախագիծը սահմանված կարգով ստացել է դրական եզրակացություն լիազոր մարմնի կողմից (Շրջակա միջավայրի նախարարություն)  իրականացված  փորձաքննության արդյունքում, 2003 – 2018թթ. շահագործվել է առանց որևէ խոչընդոտի: Ընդ որում, հանքավայրի տեղամաս մուտքը կատարվել է սահմանապահ զորքերի կողմից տրված անցաթղթերի հիման վրա: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները եւ  այն, որ տնտեսվարողը չի հրաժարվում ընդերքօգտագործման իրավունքից` առաջարկվել է տնտեսվարողին տալ սահմանապահ զորքերի կողմից տված անցաթղթերի հիման վրա հանքավայրի տեղամաս մուտք գործելու եւ  շահագործելու հնարավորություն: Այլապես հանքավայրի շահագործուման ահնարինության դեպքում կիրառել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի, ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» :

Հրապարակվել է։ 07:21 09/03/2020