Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Aravot.am . «Սրանք հեքիաթներ են թվում, բայց իրականանալի են, ես արդեն սկսել եմ իրականացնել»


Aravot.am –ը գրել է․  « Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր համայնքապետերին, որ ամեն համայնք իր զարգացման ծրագիրը ներկայացնի: Օրերս, երբ այցելել էինք Տավուշի մարզ, Aravot.am-ը փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանին հարցրեց՝ կոնկրետ ձեր մարզում համայնքապետերը զարգացման ծրագրերը դրե՞լ են սեղանին, բերե՞լ են: Նա պատասխանեց. «Եռամյա եւ հնգամյա ծրագրերը կան, բայց դրանք բովանդակային առումով այդքան շատ բանի մասին չեն խոսում: Այդ ամեն ինչը վերաձեւակերպելու, վերաիմաստավորելու անհրաժեշտություն կա»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, զարգացման ծրագրերը բերել են, բայց ընթացք տալո՞ւ չի՝ նա պատասխանեց. «Կդժվարանամ այդպես գնահատել, բայց դրանք իրարից շատ քիչ են տարբերվում: Ընդ որում, դա ամբողջ երկրով մեկ տենդենց է»: 



Համայնքապետարաններում էլ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանը ներդրողներին հետեւից գցած բերելու իրենց գյուղ ու այն դարձնելու դրախտ: Աչաջուրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Յուրի Միրզոյանի խոսքով՝ եթե իրենք մի բան արտադրում են, առնող չկա, էլ ի՞նչ արտադրություն ստեղծեն. «Մենք 50 հատ թզի ծառ ունենք, սաղ տարել եմ բոչկեն ածել, որ արաղ քաշեմ: Մենք չունենք մթերման տեղ: Իջեւանի գինու գործարանը սահմանափակ քանակությամբ է վերցնում: Մարդիկ 150 դրամով քաղում տալիս են թուզը, վերավաճառողները 300 դրամով հանձնում են»: 
Ազատամուտ համայնքի ղեկավարն էլ ասաց, որ ներդրողը չի գալիս իրենց համայնք, որովհետեւ սեփականության վկայական չեն կարողանում տալ. «Անկլավ են: Մեր տրամադրած տարածքների համար լուրջ ներդրում է պետք, ավելի լավ տարածքներ են վարձակալում, մերը սահմանին շատ մոտ է, խոշոր ներդրողը խուսափում է, փոքր բիզնեսին էլ ձեռք չի տալիս, լոգիստիկայի, բիզնեսի կառավարման խնդիրներ են առաջանում, սահմանից հեռավորությունը 2 կմ է»:

Մենք խոսեցինք «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի տնօրեն Հասմիկ Ազիբեկյանի հետ: Նա համոզված է՝ Նոյեմբերյանը, օրինակ, արտադրություն կազմակերպելու եւ արտահանում իրականացնելու հսկայական ներուժ ունի. «Մարդկանց մոտ աշխատանքի մշակույթը հետ է վարժվել: Մարդիկ ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում աշխատել: Բիզնես ծրագրեր ունենք, որ 1 հեկտար այգուց մարդը տարեկան կարող է 15 մլն դրամ եկամուտ ստանալ: Ինչի՞ չեն զբաղվում՝ գիտելիքի պակաս ունեն, ինֆորմացված չեն: Խոշոր տնտեսություններն էլ քանակի կարիք ունեն, արտահանելիս երբ խոշոր գնորդի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում, չեն կարողանում այն քանակն ապահովել, ինչքան որ պահանջարկ ունեն»: Ըստ նրա, պետք է նախ մարդկանց ցանկությունը աշխատանքի նկատմամբ փոխվի՝ վերջապես ուզո՞ւմ են աշխատել, թե՞ չեն ուզում

տնկարան: Նա 300 հա այգիներ է հիմնել՝ դեղձ, սալոր, պնդուկ, կեռաս, սերկեւիլ, տնկարանային տնտեսություն նաեւ: Ըստ նրա, 30 տարի համարյա ոչինչ չի արվել, դրա համար մեր գյուղատնտեսությունն այս օրի է. «Մենք ինչ գործիքներ ենք օգտագործում՝ բահ, գերանդի, արդեն հարյուր տարի առաջ դրանք բոլորը թանգարան են դրել: Ես ինքս դրանցով փորձել եմ, արդյունքների չեմ հասել»: Նա գտնում է, որ գյուղատնտեսությունը կարող է 300-400% եկամտաբերություն ապահովել, պարզապես պետությունը պետք է մատը մատին տա, կաթիլային ոռոգման, հակակարկտային կայանների հարցը լուծի: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ ասում է, որ ոռոգման համակարգերը կործանված են, բացի այդ, այստեղ անարդարություն կա. «Ամեն օր ես եթե ոչ հեռախոսով, ապա ֆեյսբուքով ստանում եմ բողոքներ տարբեր բնակիչներից ոռոգման համակարգում առկա թերությունների, կողմնապահությունների, չարաշահումների մասին եւ դա հիմնականում ուղղված է համայնքապետերի դեմ, ՋՕ-երի աշխատակիցների դեմ: Էս մարդիկ դեռեւս նույն ձեւ են աշխատում, եթե մենք կոնտրոլ չանենք, իրենք չեն զգաստանում: Մարդիկ զանգում են, ասում են՝ կողքի հարեւանը 10 անգամ է ջրում իր այգին, ինքը՝ մեկ անգամ, որովհետեւ կողքի հարեւանը գյուղապետի հորեղբոր տղան է: Եվ դա իրականություն է: Էս անարդարություն է»: Մարզպետն ասաց, որ այսօր օգտագործում են գյուղատնտեսական ներուժի ընդամենը 25%-ը: Մարզպետն ընդգծեց, որ կոնկրետ այս պահին 330 աշխատատեղ կա, առաջարկում են բնակիչներին, նրանցից շատերը նախընտրում են նպաստ ստանալ: Բերդավանի գինու գործարանը, արտադրություն կազմակերպելով սահմանամերձ համայնքում, ապացուցում է, որ շատ էլ լավ հնարավոր է անգամ հակառակորդի կրակի տակ բիզնես սկսել ու եկամուտ ստանալ՝ բնակիչներին էլ աշխատանքով ապահովել: Գործարանը աշխատատեղեր է ապահովում ինչպես տվյալ, այնպես էլ հարեւան համայնքների, օրինակ, Կողբի բնակիչների համար: Շուրջ 70 տեսակ արտադրանք ունեն, ընդ որում, մի արտադրանք ունեն, որը հարյուր տոկոս բնական է ու արդեն հասցրել է մեծ աժիոտաժ առաջացնել իր շուրջ: Այս գործարանը միակն է, որտեղ արտադրվում են այնպիսի կոմպոտներ, պահածոներ, որտեղ շաքարի փոխարեն օգտագործում են ստեվիա: Այն ցուցված է դիաբետիկների համար: Այն արտադրանքի ինքնարժեքը բարձրացնում է, բայց փոխարենը ստանում են 100 տոկոս բնական, էկոարտադրանք: Ստեվիան աճեցվում է Ալավերդիում ու Ղարաբաղում: Գործարանի աշխատակիցները հպարտանում են նաեւ իրենց արտադրած տոմատի մածուկով, ասում են՝ հայաստանյան շուկայում նման տոմատ քիչ կգտնենք, որտեղ չկա խնձորի հյութ, կարտոֆիլի օսլա կամ այլ նյութեր բացառապես միայն լոլիկ է: Ժաննա անունով գործարանի աշխատակիցներից մեկը Բերդավան էր եկել Կողբից: Մեկուկես տարի է՝ աշխատում է: Ամսական 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում, վստահեցնում է, որ շատ գոհ է: Հարցրեցինք՝ սահմանամերձ գյուղում կրակոցների տակ դժվար չէ՞ ապրել, աշխատել՝ նա պատասխանեց, որ իրենց համար սովորական է արդեն. «Մենք սովոր ենք, ղողանջի նման է, եթե չի լինում, զարմանում ենք: Վերջին անգամ կրակել են մեկ շաբաթ առաջ»: Գործարանի աշխատակիցները վստահեցնում են, որ իսկապես աշխատատեղ շատ կա՝ լիքը տնտեսություններ, հացի փռեր ունեն, դպրոցներ ունեն, մնում է աշխատող լինի: Հերթափոխի պետ Թամարա Գիշյանը գործարան է գալիս նորից Կողբից, իսկ Լուսինեն գործարանի երիտասարդ աշխատողներից է, երկու անչափահաս երեխա է պահում իր աշխատավարձով: Ասաց, որ ամսական 90 հազարի չափ աշխատավարձ են ստանում ու դժգոհ չեն


Բերդավանի գինու գործարանի տնօրեն Արշակ Ավագյանն ասաց, որ մարդիկ պիտի գիտակցեն՝ հայկական արտադրանքն ամենալավ է, ամենահամեղն է, առավել եւս՝ սահմանապահ գյուղի արտադրանքը: Նա մեծ նախագիծ ունի, գործարանի տարածքը տուրիստների համար նաեւ հյուրատուն են սարքելու, այնպիսի արշավ են կազմակերպելու, որ զբոսաշրջիկները հեծանիվներով կարողանան գնալ անտառ, մասնակցել հատապտուղների հավաքման գործընթացին, ողջ օրը անտառային միջավայրում անցկացնեն. «Սրանք հեքիաթներ են թվում, բայց իրականանալի են, ես արդեն սկսել եմ իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 21.08.2019 


Հրապարակվել է։ 09:54 23/08/2019