Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Առանց հանքավայրում լինելու՝ ստուգումներ են կատարել


«Կողբաքար» ՍՊԸ-ն   ունենալով համապատասխան թույլտվություն՝ Բագրատաշենի ենթաշրջանում, հայ- վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետի մոտակա տարածքից  տարիներ շարունակ  խճաքար, ավազ  է արդյունահանել եւ  այն իրացրել: Հայաստանում իշխանափոխությունից հետո, գրեթե մեկուկես տարի  ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ  ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: 2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար  եւ ավազ արդյունահանելու թույլտվության հարցը, սակայն անցած ժամանակաշրջանում  խնդիրը չլուծվեց։ Բնապահպանական պաշտոնական եզրակացության համաձայն՝ Դեբեդից ավազ, խճաքար հանելու դեպքում գետի հունը չի փոխվում։ «Կողբաքար» ՍՊԸ-ն   տնօրեն Մերուժան Փաշիկյանն ասաց, որ  չնայած այն բանին, որ իրենց ընկերությանը չի թույլատրվում  Նոյեմբերյանի տարածաշրջանի  Պտղավան գյուղի տարածքում գտնվող, Դեբեդ գետի ափին գտնվող հանքավայրից ավազ արդյունահանել, սակայն իրենց ընկերությունը  շարունակում է վճարել հարկեր, նաեւ ավազի հանքավայրի  համար նախատեսված վարձավճարը։  Փաշիկյանը հայտնեց, որ վերջերս կառավարությանն առընթեր  բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները  Պտղավանի հանքավայրի ստուգում են իրականացրել, թե այն որքանով է խախտում բնապահպանական օրենսդրության  պահանջները։ Նա ասաց, որ առաջիկայում  այդ ստուգման արդյունքներըի մասին իրեն կտեղեկացնեն, անհրաժեշտության դեպքում «Կողբաքար» ՍՊԸ տնօրենը դրա վերաբերյալ առարկություններ կներկայացնի։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  աշխատակիցներին  ստուգման ժամանակ հնարավորություն չեն տվել  լինել հանքավայրում, տեղում ուսումնասիրություններ կատարել։ Այդ դեպքում այդ ստուգման արդյունքները որքանո՞վ կարող են  ստույգ լինել։ Մ․ Փաշիկյանն ասաց, որ Դեբեդի ափից ավազի, խճաքարի արդյունահանման արգելքի հետ կապված խնդիրը ինքը փորձել  է ներկայացնել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար  Վաղարշակ Սարգսյանին, սակայն վերջինս շարունակ մերժում  է Մ․ Փաշիկյանի ընդունելու վերաբերյալ վերջինիս խնդրանքները։



Հրապարակվել է։ 08:03 08/08/2019