Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Առավոտ». «Վարկ ենք վերցրել՝ ուտելու համար». Սահմանամերձ համայնքում գյուղացիներին 24%-ով են վարկ տվել. Հայկ Չոբանյանը խոստանում է սեպտեմբերին վարկավորման նոր սկզբունք կիրառել»

«Առավոտ» օրաթերթը գրել է․ «Սահմանամերձ համայնքներում բանկերի դուռն ընկած գյուղացիներին այնքան բարձր տոկոսներով՝ 24 տոկոսով վարկեր են տվել, որ վերջիններս մի քանի անգամ վերավարկավորումից հետո անգամ չեն կարողանում մարել պարտքը: Սահմանամերձ համայնքների տունը, գույքը չեն կարողանում գրավադրում անել, պարզ է, որ դրանք ռիսկային են: Մի կողմից իշխանությունները արտոնյալ պայմաններ են սահմանում, հարկային արտոնություններ են տալիս, հորդորում են ընտանեկան բիզնեսով զբաղվել, նպաստի հույսին չմնալ, մյուս կողմից էլ բիզնես սկսելու համար գյուղացիները շանս չունեն հաջողելու: Եթե ուզենան ջերմոց պատրաստել, իրենց անասնագոմը դարձնել «խելացի», գրավի առարկա է պետք: «Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի՝ ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով դրամային վարկեր այս դեպքում տրամադրվում են 10-11 տոկոսով: Տավուշի մարզի Բերդավան համայնքում բնակվող Ամիրաղյանների ընտանիքը 4 մլն վարկ ունի, վերցրել են 24 տոկոսով: Տան հարսը՝ Անահիտ Նալբանդյանն ասաց. «Ահավոր վիճակ ենք: Վերցրել ենք, մեքենա ենք գնել, որ ամուսինս աշխատանքի գնա, աշխատանքը փակվել էր, մեքենան վառվեց: Հետո ուրիշ վարկ վերցրեցինք, ուրիշ մեքենա վերցրեցինք, ուզեցինք խոճկորներ վերցնենք, որ անասնապահությամբ զբաղվենք՝ չստացվեց»: Բարեբախտաբար ամուսնուն նորից աշխատանքի են ընդունել. «Վալեքս գրուպում՝ Թեղուտում է աշխատում՝ որպես վարորդ: Աշխատավարձը գանձվում է՝ որպես պարտք: Բացի էդ, մի քանի հատ ոչխարներ ունենք, էդ է եկամուտը»: Նա պատմեց, որ կրակոցներ ամեն օր էլ լինում են. «Վախենում ենք, բայց ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Մի հատ թմփոց լինում է՝ երեխեն հարցնում է՝ կրակո՞ւմ են, արդեն իրենց հոգեբանությունն էդ է»: 


Լարիսա Անտոնյանի խոսքով՝ «Ո՞ւր գնանք, Ռուսաստանում աշխատանքը էդքան թափած չի, որ գնանք էնտեղ, էլի որոշ չափով կարողանում ես քո հացն էստեղ վաստակել: Գյուղացի ենք, բայց ամեն ինչ առնում ենք, կարտոֆիլից հետ առնում ենք»: Հարցին՝ իշխանություններից ի՞նչ ակնկալիք ունեք, ի՞նչ փոխանցենք՝ նա պատասխանեց. «Աշխատանք բացվի, որ աշխատատեղ լինի՝ կարողանանք մեր երեխաների, մեր գոյությունը պահենք, վարկերը փակենք»: 

Աչաջուր համայնքում Մելիքբեկյանների ընտանիքը նպաստառուների ցուցակում է: Վարկ են վերցրել: Հարցրեցինք՝ ինչի՞ համար եք վերցրել՝ պատասխանեց. «Ուտելու, գոյատեւելու համար: Երկու գոճի է առել, պահում է, կեր է վերցրել»: Նրանք տուն անգամ չունեն համայնքում բարեկամի տանը վարձակալությամբ են բնակվում: 



Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, հարցին՝ կառավարությանը չե՞ք պատրաստվում առաջարկ անել, գուցե հանեն գրավի պահանջը կամ ավելի մատչելի վարկեր առաջարկեն սահմանամերձ համայնքների բնակիչներին, պատասխանեց. «Դա մեզ համար ֆունդամենտալ խնդիր է, որովհետեւ վերաբերում է Հայաստանի ֆինանսական համակարգին: Գիտեք, բանկային համակարգն ունի իր օրենքները եւ այդ օրենքներով է աշխատում: Բանկային համակարգում առկա ընթացակարգերն ու պահանջները թույլ չեն տալիս, որպեսզի մեր գյուղացիները կարողանան օգտվել պետության կողմից տրված հնարավորություններից: Այս տարի ձեռներեցությանը ֆինանսական աջակցության ծրագրերը հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորմանը: Դա նշանակում է, որ մի կողմից պետությունը պատրաստ է գումարներ հատկացնել եւ օգնել գյուղացիներին, որպեսզի նրանք զարգացնեն իրենց տնտեսությունները, մյուս կողմից սիստեմը չի աշխատում, որովհետեւ բանկային համակարգը պատրաստ չի դրան սպասարկել լայն առումով: Իրականում պատրաստ է, մեկ ամիս առաջ ունեինք մոտավորապես 150 հայտ, որոնից մոտ 50-ը արդեն ոնց որ սպասարկվել էր, բայց եթե մենք այդ ընթացակարգերի մեղմացման մեխանիզմները գտնենք, այդ ակտիվությունը շատ ավելի մեծ կլինի: Իրականում մեր գյուղացիների մեծ մասը վարկունակ չէ ոչ միայն այն պատճառով, որ գրավի առարկա չունի, այլեւ ստաբիլ եկամուտ չունի, մեծ մասը նախորդ տարիների ընթացքում բավականին մեծ վարկային բեռ է ունեցել եւ չեն կարողացել սահմանված կարգով սպասարկել իրենց վարկերը: Մեծ մասը դասակարգված վարկեր են ունեցել, այդ պատճառով այսօր չեն կարող վարկային միջոցներից օգտվել: Մեր առաջարկությունը հետեւյալն է եղել, ՓՄՁ ԶԱԿ-ի հետ նաեւ դա քննարկել ենք, որ իրենց միջոցով տրվում է վարկային երաշխիք, որը թույլ է տալիս, որ կոմերցիոն բանկերը վարկ տրամադրեն որեւէ բիզնեսի: Այսինքն, գրավի առարկան դառնում էր, կոպիտ ասած, պետական կամ վարկային երաշխիք: Այն գյուղացիական տնտեսությունները, որոնք ավելի կայուն կլինեն, կարող է այդ հիմնադրամը գրավի փոխարեն երաշխիք տրամադրեն: Սա շատ կարեւոր դեր կարող է խաղալ: Երկրորդը գյուղատնտեսության ապահովագրությունն է, որը էապես պետք է ազդի գյուղատնտեսության վարկունակության բարձրացմանը: Ռիսկային ոլորտ է այն հիմա համարվում, այգեգործության դեպքում ռիսկային է կարկուտների, անասնապահության դեպքում՝ հիվանդությունների պատճառով»: Մարզպետը խոստացավ՝ սեպտեմբերից արդեն հայտարարություններ կլինեն ու գյուղացիներին կներկայացվի այն նոր սկզբունքները, որոնք գյուղատնտեսության վարկավորման մեջ ներդրված են լինելու:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզ կատարված այցելության ժամանակ» ։  


Հրապարակվել է։ 07:43 20/08/2019