Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աշխատավարձերի պարտքերի կեսը վճարել են

 «Տավուշ» Ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) Նոյեմբերյանի տեղամասի աշխատողները  հուլիսի 22-ին  գործադուլ էին արել , այդ օրը  ոռոգման ջուր մղող պոմպակայանները չեն աշխատել։ Նրանք  գործադուլի էին դիմել, որովհետեւ չէին  ստացել 2019թ․  ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձերը։ Աշխատավարձերի վճարման ուշացման  առումով նույն վիճակն էր   այդ ընկերության Բերդի եւ Իջեւանի տեղամասերում։ «Տավուշ»  ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանը հայտնեց, որ դրանից հետո «Տավուշ»  ՋՕԸ աշխատողները ստացել են  ապրիլ եւ մայիս ամիսների աշխատավարձը, իսկ  հունիս եւ հուլիս ամիսների ռոճիկը կվճարվի հաջորդ փուլում՝  օգոստոսի 15-ին։ Նա  ասաց, որ կառավարությունը հուլիսի սկզբին 4 միլիարդ դրամ է փոխանցել Հայաստանի ՋՕԸ-երին։ Գ․ Վերանյանի վկայությամբ՝  իրենք բնականոն աշխատում են,  պոմպակայանները ոռոգման ջուր են մատակարարում, սակայն այս տարի երաշտ է, այգիները,  ցանքատարությունները հաճախակի ոռոգման կարիք ունեն։ Օրինակ, եգիպտացորենի դաշտը  7-8 անգամ  ոռոգելուց հետո  ցանքի  տերը դիմում է  նորից ոռոգելու խնդրանքով։ Գ․ Վերանյանը հայտնեց,որ մատակարարված ջրի  վարձավճարները դանդաղ են  գանձվում։ Դրանց գանձումները սկսվում են հուլիս-օգոստոսից , երբ գյուղացին սկսում է իրացնել  աճեցրած բերքը։ Ոռոգման ջրի ժամկետանց  պարտքերը  գանձելու համար որոշ դեպքերում  «Տավուշ» ՋՕԸ-ն դիմել է  դատարան, այդ քաղաքացիական հայցերն այժմ քննվում են Տավուշի մարզի առաջին  ատյանի  դատարանում։

Հրապարակվել է։ 06:01 01/08/2019