ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այգեձորցիները ինչո՞ւ են մերժել նույն ընտանիքին 3-րդ ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը



Հունիսի 25-ին Բերդի տարածաշրջանի  Այգեձոր գյուղում փոքր ՀԷԿ կառուցելու նախագծի հանրային քննարկում  է անցկացվել։ Խնձորուտ գետի Այգեձորի ջրամբարից սնվող ոռոգման ինքնահոս ջրագծի վրա «Էրի ձոր» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա ունի «Ատլաս-Պլյուս» ՍՊԸ-ն:  ՓՀԷԿ-ը պետք է ունենա 990 կՎտ հզորություն, տարեկան արտադրի 3.5 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-ի շահագործման սկիզբը նշված է  2021թ-ը, շահագործման ավարտը` 2036թ-ը: Բերդ համայնքից հայտնեցին,որ «Ատլաս-Պլյուս» ՍՊԸ-ի տնօրենը Տիգրան Մեջլումյանն է։ Վերջինիս հայրը` Արմեն Մեջլումյանը «Ատլաս Էներգո» ՍՊԸ տնօրենն է, այդ ընկերությունը Այգեձորում ներկայումս շահագործում է  2 փոքր ՀԷԿ։ Դրանցից մեկը 440 կՎՏ  դրվածային հզորությամբ «Այգեձոր» ՓՀԷԿ-ն է, որի ջրառն իրականացվում է «Այգեձոր» մայր ջրանցքից, որն էլ  ջրառն իրականացնում է  Աղնջա  գետից՝ Խնձորուտ  գետի միախառնման  կետից: Մյուսը 2000 կՎտ դրվածքային հզորությամբ «Այգեձոր-2» փոքր ՀԷԿ-ն է, որը ջրառն իրականացնում է Խնձորուտի ջրամբարի պատվարից` Արծվաբերդ, Այգեձոր, Չորաթան, Չինարի, Մովսես համայնքների 15 կմ  երկարության ինքնահոս ոռոգման համակարգի 13.5 կմ հատվածում`Այգեձոր համայնքի վարչական սահմանում։ Բերդից  հայտնեցին, որ  Արմեն Մեջլումյանը ծննդով Բերդ քաղաքից է, բնակվում է  Երեւանում։ Այգեձորում հանրային քննարկումը բազմամարդ է  եղել, մասնակցել է շուրջ 100 հոգի; Քննարկման բոլոր մասնակիցները դեմ են եղել  նոր փոքր ՀԷԿ-ի կառուցմանը։  Հանրային քննարկման մասնակիցները՝ Այգեձոր եւ Չինարի գյուղերի բնակիչներն իրենց դիրքորոշումը բացատրել են ոռոգման ջրի պակասով, գյուղացիները մտավախություն ունեն, որ նոր փոքր ՀԷԿ-ի գործարկումով ոռոգման ջրի  խնդիրն ավելի կսրվի։ Վերջին տարիներին  ամռանը երաշտ է լինում, ոռոգման ջուրը նվազում է։

Այգեձորում  ներկայումս գործող, Արմեն Մեջլումյանին պատկանող երկու փոքր ՀԷԿ-երը շահագործող ընկերություն  բարեգործություն չի  անում, չի  մասնակցում  բազում հիմնահարցեր ունեցող Այգեձորի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Հանրային  քննարկման մասնակիցները նաեւ մտավախություն ունեն, որ  փոքր ՀԷԿ-երը, որոնք վերաբերյալ փաստաթղթերը օրինական ու կարգին  են, գործնականում  խախտում են  ջրառի սահմանված պայմանները, ավելի շատ ջուր են վերցնում ջրառի տեղից։ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  գործումէ  5 փոքր ՀԷԿ։ Վերջին մի  տարիներին կապված չորային եղանակի, գետերի սակավաջրության հետ, այդ բիզնեսի եկամտաբերությունը նվազել է։


 

 

 

Հրապարակվել է։ 07:59 30/06/2020