Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի այգիները եւ ցանքերը չորանում են, ոռոգման ջուր չկա


Հուլիսի 10-ին  լրագրողիս զանգահարեց  Բագրատաշեն գյուղի բնակիչ Գենադի Սողոմոնյանը,  հայտնեց, որ Բագրատաշենում հավաքվել են գյուղի մոտ 40 բնակիչ, ովքեր խիստ մտահոգված են ոռոգման  ջրի պակասով։ Ասաց, որ    պտղատու այգիները եւ ցանքատարությունները չորանում են, պտուղը ծառի վրա չորացել է,   այգիները եւ ցանքերը չեն ոռոգվում, գյուղը սնուցող ոռոգման ինքնահոս 2 ջրատարներում ջուր չկա։   Նա  հայտնեց, որ  ոռոգման ինքնահոս 2 ջրագծերը  բնականոն աշխատում են միայն գարնանը եւ աշնանը, ոռոգման պոմպերը  հաճախակի շարքից դուրս են գալիս, Դեբեդից պոմպերով սնուցվող  ջրատարի ջուրը  չի  բավարարում։ Հին  խնդիրներին գումարվում է  այս տարվա երաշտը։ Բագրատաշենի բնակիչների խոսքերով՝ «Տավուշ» Ջուր օգտագործողների ընկերության  ջրվարները 3 ամիս աշխատավարձ  չեն ստացել, ինչը  չի նպաստում նրանց աշխատանքի արդյունավետությանը։  Բագրատաշենցիները պահանջում են, որպեսզի վերադաս մի հանձնաժողով  գնա Բագրատաշեն, արձանագրի ոռոգման ջրի մատակարարման վատ  վիճակը։ Բագրատաշենցի այգեգործների  վկայությամբ՝ վերջերս վթար է  տեղի ունեցել Բագրատաշենին ոռոգման ջուր մատակարարող   «Ձեյթուն-1» պոմպակայանում,   ջուրը լցվել է  պոմպակայանի տարածք:  Խնդրի վերաբերյալ զրույց ունեցա  Բագրատաշեն գյուղը  ներառող Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ։ Նա  ասաց, որ Բագրատաշենում  ոռոգման ջրի սուր պակաս կա , գյուղի ինքնահոս ջրատարում վերջերս մաքրման աշխատանքներ են կատարվել։ Ա Պարանյանը   հայտնեց, որ ոռոգման ջրի խնդիրը սուր է  նաեւ Բագրատաշենի հարեւան Դեբեդավան գյուղում, Դեբեդավանը սնուցվում է  Բագրատաշեն ինքնահոս ջրատարից, Դեբեդավանին  ինքնահոս   եղանակով  ոռոգման ջուր մատակարարելու համար հարկավոր  է ջրագծի սկզբում հիդոտեխնիկական  աշխատանքներ կատարել, ջրի մեծ քանակություն  կուտակել։ Համայնքի ղեկավարը   հայտնեց, որ վերջերս ինքը նամակ է ստացել ՝ «Տավուշ» ՋՕԸ  Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից, ով հայտնել է, որ  Բագրատաշենի ինքնահոս ջրատարի  ջուրը ֆիլտրացվում է, նաեւ՝   լցվում   Բագրատաշենի բնակիչ Գարեգին Մելքումյանի տուն։ 2017թ  ինքնահոս ջրատարը քանդվել է, ջրատարի ջուրը հեղեղի նման լցվել է  Գարեգին Մելքումյանի տուն։ Բագրատաշենի ոռոգման ջրի հիմնահարցի վերաբերյալ   պարզաբանումներ  ստանալու համար դիմեցի «Տավուշ»   ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանին։ Նա  ասաց,որ այդ հարցերով պետք է դիմել  Ջրային  կոմիտեի մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանին։ Վերջինս հայտնեց, որ  Բագրատաշենը սնուցող  ոռոգման ինքնահոս ջրատարում նորոգման, մաքրման աշխատանքներ են կատարվում, գյուղը սնուցող պոմպակայանի մեկ պոմպն է աշխատում, պոմպակայանում տեղի ունեցած վթարից հետո  մյուս պոմպը  չորացվում է, որպեսզի գործարկվի։ Նա ասաց , որ պետական  բյուջեից   ՋՕԸ-ներին վերջերս  մեծ  գումար է է փոխանցվել, Բագրատաշենի ջրվարների աշխատավարձի 2 ամսվա պարտք կա, 3-րդը  անցած ամսվա ռոճիկն է, գումարները  «Տավուշ» ՋՕԸ-ին  փոխանցվելուց հետո աշխատավարձերի պարտքերը  կվճարվեն։

Հրապարակվել է։ 05:02 16/07/2019