Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ համայնքի ղեկավարն այցելել է Չինարի՝ ծանոթանալու խաղողի բերքահավաքի ընթացքին

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը http://www.berdcity.am, հայտնում է,որ   Բերդ համայնքի բնակավայրերում խաղողի բերքահավաքն ընթացքի մեջ է: Չինարիում ևս այգեկութի եռուն շրջան է:  Սեպտեմբերի 19-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն այցելեց Չինարի՝ ծանոթանալու խաղողի բերքահավաքի ընթացքին: Համայնքի ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, մասնավորապես՝ բերքահավաքի ընթացքի, խաղողի մթերման և  այլ հարցերի շուրջ: Չինարեցիները գոհունակությամբ նշեցին, որ խաղողի բերքն այս տարի առատ է:

Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ակնկալվում է շուրջ 500 տոննա խաղողի բերք. «Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի կողմից շուրջ 250 տոննա խաղող մթերելու պայմանագիր ունենք: Սահմանված գրաֆիկի համաձայն՝ ամեն օր 10-12 խաղողագործ  բերքը տեղափոխում է գործարան: Շուրջ 100-150 տոննա խաղող էլ կմթերվի «Էկո գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Բերքի մնացած մասը կամբարվի բնակիչների նկուղներում. Ի՞նչ չինարեցի, եթե գինի չունենա: Բերքն այս տարի բավականին առատ է: Լավագույն  խաղողագործներն ստանում են շուրջ 300 ցենտներ բերք՝ մեկ հեկտարի կտրվածքով»:

Հարություն Մանուչարյանը նկատեց, որ  տարածաշրջանում խաղողի բերքահավաքը սոսկ աշխատանք չէ, այլ յուրատեսակ տոն, քանի որ այն  նաև համախմբող հատկություն ունի:

Հյուրընկալ  չինարեցիների առատ  սեղանի շուրջ համայնքի ղեկավարը մաղթեց, որ աշխատանքի արդյունքն ուրախությամբ վայելեն՝  խաղաղ պայմաններում:

 

 

Հրապարակվել է։ 06:57 20/09/2019