+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինարիում թզի, խաղողի բերքը լավ է, ցորենինը՝ ոչ


Չինարին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  հեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղ է։ Բերդ համայնքի մաս կազմող Չինարին ամենաշատը տուժեց Բերդի սահմանագոտում հուլիսի 12-14-ը տեղի ունեցած իրադարձությունների, ադրբեջանական հրետակոծությունների  հետեւանքով։ Չինարի գյուղի  վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ  հուլիսի 21-ից գյուղում սկսվել  է  աշնանացան ցորենի բերաքահավաքը, այդ նպատակով Բերդ  քաղաքից հացահատիկահավաք կոմբայն է  բերվել Չինարի։ Ս  Սաղոյանն ասաց, որ այս տարվա երաշտի պատճառով  ցորենի բերքը քիչ է, այդ պատճառով որոշվել է  գյուղի ցածրադիր գոտում գտնվող հացահատիկի  արտերը չհնձել, քանի որ հացահատիկահավաք կոմբայնը չի կարող  15 սմ աճած ցորենի հասկի բերքը վերցնել։  Գյուղի վարչական ղեկավարի տվյալներով՝ այս տարի  կհնձվի ընդամենը 4 հեկտար ցորեն։ Չինարիում ընդունված չէ հացահատիկի արտերը ոռոգել, երաշտն էլ  բացասաբար է  ազդել  արտերի աճի վրա։  Չինարիում ավանդաբար լավ բերք է ստացվում թզի մշակությունից։ Անցյալ տարի Չինարիից Ռուսաստան է արտահանվել 350 տոննա թուզ։ Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն սկսվել թզի մթերումը։ Չինարեցիների աճեցրած թուզը հավաքում, մեծ բեռնատարներով Ռուսաստան է  առաքում  Է Չինարի գյուղի թոռ մի գործարար։ Նա արդեն Ռուսաստան է  առաքել Չինարիի թզով  առաջին բեռնատարը։  Թուզը գյուղացիներից ընդունվել  է կիլոգրամը 400 դրամով։  Ս Սաղոյանը հայտնեց, որ ավելի ուշ հասունացող թուզը կմթերվի 800 դրամով, այդպես է եղել անցյալ տարի։ Չինարիի վարչական ղեկավարն ասաց, որ առատ բերք են ակնկալում  նաեւ գյուղի խաղողի 54 հեկտար այգիներից։ Չինարիի այգեգործները  բերքը հանձնելու վերաբերյալ պայմանագրեր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, անցյալ տարի խաղողի մեկ կիլոգրամը մթերվել է 150 դրամով։

Հրապարակվել է։ 10:58 23/07/2020