Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չկայացած տնտեսական հեղափոխությունը

Բանակը եւ իրավապահ համակարգը՝ ոստիկանություն, դատախազություն, դատարան,քննչական մարմիններ, ԱԱԾ, ԴԱՀԿ եւ այլն, պետության սահմանները եւ իրավակարգն են պաշտպանում, դպրոցները՝ հանրակրթություն իրականացնում, բուժհիմնարկները՝ պահպանում կամ վերականգնում մարդկանց առողջությունը, հարկային մարմինները՝ հարկեր գանձում, սոցիալականները՝ նպաստ եւ թոշակ սահմանում, վճարում։ Հայաստանի համայնքներն ունեն տեղական ինքնակառավարման մարմիններ՝ համայնքապետարան եւ ավագանի։ ՀՀ-ում պետական տնտեսական ձեռնարկություններ չկան,բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, կապը, երկաթգիծը,ատոմակայանը, ՋԷԿ-երը, փոստը, բանկերը, հանքերը, խմելու ջրի մատակարարումը եւ նույնիսկ՝ Երեւանի աղբահանությունը, տրված են օտարերկրյա ընկերությունների։ Փոքրիկ Հայաստանի գործադիր իշխանության հսկայական ապարատը, այդ թվում՝ 10 մարզպետարանները, զբաղված են հիմնականում լիցենզիաներ, քվոտաներ տրամադրելով, մրցույթներ, տենդերներ անցկացնելով , զարգացման գեղեցիկ,սակայն անիրական ծրագրեր մշակելով, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա; Վաղուց պետք է պետական գերուռճացած աշխատակազմը մեծապես կրճատել, մարզպետարանները՝ վերացնել, խնայված փողերով Մեղրիում նավթազտարան սարքել, իրանական էժան նավթի վերամշակումից ստացած վառելիքով ակտիվացնել Հայաստանի տնտեսական կյանքը, մարզերում հակակարկտային կայաններ գործարկելով՝ գյուղացու բերքը փրկել կարկուտից , Հայաստանի բոլոր բնակիչների համար պարտադիր բժշկական ապահովագրություն սահմանել եւ այլն։ Ինչպես նշում է Հրանտ Բագրատյանը, հարկ է ֆոնդային բորսան աշխատեցնել, Հայաստանի ընկերությունների բաժնեթղթերը ներկայացնել այնտեղ,որպեսզի բնակչությունն իր խնայված փողերով մասնակցի տնտեսական կյանքին ու դրա աշխուժացմանը։ Անցած գրեթե մեկուկես տարում չտեսա Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը, ով տեսել է, թող պատմի դրա մասին։։

Հրապարակվել է։ 06:54 29/08/2019