Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեբեդ գետի վրա կկառուցվեն Հայաստանը եւ Վրաստանը միացնող երկու զուգահեռ կամուրջներ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակուռուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և կամրջաշինության ոլորտում հանրապետության հեղինակավոր մասնագետներին է ներկայացրել կամրջի նախագիծը։ Մանրամասն քննարկվել են կառուցվելիք կամրջի երկրաչափական տվյալները, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։ Նախագծող-խորհրդատուն վերջնական նախագիծը ներկայացրել է նաև վրացական կողմին, լսել վերջինիս դիտարկումները։ Նախագծող-խորհրդատուի ներկայացուցիչները պատասխանել են Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանի հարցերին և նշել, որ նախագծումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ հաշվի առնելով սեյսմիկ կայունության, բազմաթիվ այլ հարցեր։ Հակոբ Գյուլզադյանը, խոսելով կամրջի նախագծի մասին, նկատել է, որ ներկայացվել է մի նախագիծ, որը կարող է կյանքի կոչվել։  Վերջնական նախագիծը պատվիրատուների կողմից հավանության արժանանալուց հետո պետք է անցնի փորձաքննություն, նոր միայն մեկնարկի կամրջի կառուցումը։ Առաջիկայում կկազմակերպվի բազմակողմ հանդիպում՝ հայկական, վրացական կողմերի, նախագծողի մասնակցությամբ։  Նշենք, որ Դեբեդ գետի վրա կառուցվելիք, Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող «Բարեկամություն» անունը ստացած նոր կամրջի երկարությունը լինելու է մոտ 200 մետր: Կկառուցվեն երկու առանձին զուգահեռ կամուրջներ: Յուրաքանչյուր ուղղությամբ կգործի երկու երթևեկելի գոտի։ Կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կմարի հայկական, 50 տոկոսը՝ վրացական կողմը։ 

 

Հրապարակվել է։ 14:40 04/09/2019