Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեբեդից խճաքարի արդյունահանման թույլտվության խնդիրը չի լուծվում

Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլտվություն՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում, Պտղավան գյուղի տարածքում,  հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ այն իրացրել: Այդ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում, գտնվում է հարկային դաշտում: Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել։ «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ նախկինում  գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդի քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը: 2019թ հոկտեմբերի 17-ին Նոյեմբերյան քաղաքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Սիփան Փաշինյանի, Հայկ Գեւորգյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հետ նոյեմբերյանցիների հանդիպման ժամանակ Մերուժան Փաշիկյանը խնդրի վերաբերյալ նամակ հանձնեց Սիփան Փաշինյանին։ Մերուժան Փաշիկյանը հայտնեց, որ  խճաքար արդյունահանելու  վերաբերյալ առկա է ՀՀ բնապհպանության  նախարարության ՇՄԱԳ  դրական եզրակացությունը։ Այդ խնդրի վերաբերյալ  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչությունում  հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրում է  «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդ գետից խճաքար  արդյունահանելու օրինականության խնդիրը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  2019թ նոյեմբերի 27-ին հաշվի առնելով «Կողբաքար» ՍՊԸ-ի գրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի  42-րդ հոդվածով,որոշել է  Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող «Կողբաքար» ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրն ուսումնասիրելու նպատակով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որի ղեկավար է  նշանակել Տավուշի մարզպետարանի հողօգտագործման եւ հողաշինության բաժնի վարիչ, մարզային հողային պետական տեսչության պետ Արծրուն Նազարյանին։  Մարզպետը հանձնաժողովի նախագահին հանձնարարել է  խնդրի վերաբերյալ ուսումնասիրությունների մասին 15-օրյա ժամկետոււմ իրեն ներկայացնել տեղեկատվություն։

Հրապարակվել է։ 10:33 05/12/2019