Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գյուղատնտեսության վարկավորման ներկայիս քաղաքականությունը պետք է բարեփոխվի


,,Հանուն հավասար իրավունքների,, ՀԿ նախաձեռնած մեդիատուրի ընթացքում մենք  հանդիպումներ ու զրույցներ ունենացանք  Վայոց Ձորի մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների , բնապահպան ակտիվիստների ու անհատ քաղաքացիների հետ: Հանդիպման հիմնական նպատակը Վայոց Ձորի մարզում հանքարդյունաբերության ծավալման շուրջ առկա իրավիճակի լուսաբանումն էր ու հանրային կարծիքի պատկերացումը: Թե Ամուլսարը շրջափակած ակտիվիստները, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, թե՛ անհատ քաղաքացիները գրեթե  միանշանակ պնդում էին, որ  ոչ մի գնով չպիտի հանքարդյունաբերություն  թույլ տալ Վայոց Ձորի մարզում, ինչը կարող է հանգեցնել բնապահպանական անդառնալի աղետների: Մեզ հանդիպած բոլոր բանախոսները, հայտնելով իրենց մտավախությունները, գտնում էին, որ մարզի տնտեսությունը կարող է զարգանալ գյուղատնտեսության ու զբոսաշրջության ուղղություններում եւ հաջողությամբ ապահովել բնակչության համար պահանջված աշխատատեղերը:Ի դեպ, տագնապ կա ոչ միայն Ջերմուկ ու Գնդեվազ, այլ նաեւ Գլաձոր ու Վարդահովիտ համայնքներում, որոնց վարչական տարածքներում եւս դեռ ԽՍՀՄ ժամանակներից առկա են բազմամետաղ հանքերով  քարտեզագրված տարածքներ:  Մեր զրուցակից, Գլաձոր համայնքի ավագանու անդամ, Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը առանձնահատուկ շեշտեց, որ Ամուլսարից  ոչ պակաս վտանգավոր են Գլաձորի ու Վարդահովիտի բազմամետաղ հանքերը, որոնց շահագործումը կնշանակի գյուղատնտեսության ու տուրիզմի ոչնչացում կամ բացառում:

,,Մենք ունենք տասնյակ ու հարյուր հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր, խոտհարքեր ու արոտավայրեր, բացառիկ կենդանական ու բուսական աշխարհ, անասնապահության, այգեգործության,  մեղվաբուծության զարգացման համար հրաշալի պայմաններ: Առողջարանային   մյուս տեսակների տուրիզմը եւս զարգացման համար հիանալի պայմաններ ու հեռանկարներ ունի: Հանքերի շահագործման դեպքում մենք կկորցնենք այս բոլոր բնական պայմաններն ու հնարավորությունները: Ճիշտ է, ներկա պահին մենք չենք կարողանում ամբողջությամբ իրացնել առկա ռեսուրսները, սակայն  համոզված եմ, որ գյուղատնտեսությանը, տուրիզմին, մանր ու միջին բիզնեսին հավուր պատշաճի աջակցելու դեպքում  մենք կունենանք տեսանելի արդյունքներ,,-նշեց Գեղամ Մարգարյանը: Բանախոսը ներկա պահին  առավել  կարեւորեց գյուղատնտեսության վարկավորման քաղաքականության վերանայումը, գտնելով, որ գործող քաղաքականությունն ավելի շատ արգելակում, քան թե նպաստում է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:


,,Կառավարությունը շատ լավ հայեցակարգ է մշակել գյուղատնտեսության զարգացման համար՝ այգեգործության ու անասնապահության զարգացման համար սահմանելով  վարկավորման բավականին ցածր տոկոսադրույքներ եւ վարկերի մարման երկար ժամանակահատված՝ 5 կամ 8 տարի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թե Վայոց Ձորի մարզում, թե Հայաստանի մյուս մարզերում այս հայեցակարգը չի աշխատում, որովհետեւ մեզ մոտ բոլոր բանկերն առեւտրային են ու պատրաստ չեն՝ որեւէ ծրագիր կառավարության մշակած հայեցակարգին համապատասխան ֆինանսավորելու: Հարցրեք ու ճշտեք, թե իրականում քանի հոգի կարող է օգտվել գյուղվարկերից, օգտվողներն ինչ արդյունքներ են գրանցել կամ ինչ վիճակում են հիմա: Այստեղ աղաղակող բացթողումներ կան, քանի որ բանկերի վարկային մասնագետներին միայն ու միայն հետաքրքրում է տրամադրված գումարը որոշակի տոկոսով հետ վերադարձնելու խնդիրը: Տվյալ դեպքում վարկի վերադարձելիությունն ապահովելու միակ երաշխիքը գրավն է, որը հիմնականում չի ապահովվում վարկառուների կողմից: Մյուս կողմից էլ առեւտրային բանկերի  պահանջներն են չափազանց շատ ու խիստ: Այսպես, պատկյերացրեք, որ մեր բանկերին դիմում են երիտասարդ, հայրենի սահմանների պաշտպանությանը մասնակցած երիտասարդները եւ ցանկանում են տնտեսություն ստեղծել, ընտանիք կազմել: Բանկից նրանց միանգամից պատասխանում են, թե չեն կարող վարկ տրամադրել, քանի որ դիմումատուն վարկային պատմություն չունի:Եթե նա հազիվ հասցրել է դպրոց գնալ, այն ավարտելուց հետո մեկնել բանակ, ավարտել իր ծառայությունը, որտեղի՞ց պիտի ստեղծեր վարկային պատմություն:Հաջորդը. Շատ ընտանիքներ Հայաստանից արտագաղթել են 1992-1994 թվականներից: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք այդ ընտանիքների՝ հայրենիք վերադարձի օրինակներ, ովքեր եւս ցանկանում են զբաղվել ձեռնարկչատիրությամբ: Ռոստովից մի գործարար վերջերս եկել էր, ութ հեկտար հող էր գնել, ուզում էր այգիներ հիմնել, կաթիլային ոռոգման համակարգ անցկացնել, որի համար դիմել էր բանկի աջակցությանը: Սակայն բանկից նրան պատասխանել էին, թե վարկային պատմության բացակայության պատճառով անհնար է վարկի տրամադրումը: Եթե մարդը 1992 թվականից չի ապրել իր հայրենիքում, ինչպես կարող էր վարկային պատմություն ունենալ: Խոսեմ նաեւ մի կարեւոր հանգամանքի մասին.ինչու՞ բանկը հող գնելու տողով վարկ չի տրամադրում: Ասենք, թե մեկն ուզում  է  հողամաս գնել, որպեսզի գործունեություն ծավալի  անասնապահության կամ հողագործության ոլորտում, սակայն բավարար միջոցներ չունի: Ինչու՞ նրան չտալ այդ միջոցները, որ կարողանա իրացնել իր մտահղացումները: Ես գտնում եմ, որ նախ կառավարությունը պետք է հայեցակարգ մշակի՝ հատուկ գյուղնշանակության բանկ ստեղծելու եւ ձեռներեցներին գյուղվարկեր տրամադրելու երաշխավորներ գտնելու  ուղղությամբ: Կարծում եմ, որ այդ երաշխավորները կարող են տվյալ համայնքում լինել համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, մի քանի ֆերմերային տենտեսությունների ղեկավարներ, որոնցից ձեւավորվելու է   վարկ տրամադրող հանձնաժողովը: Բնական է, որ նրանք շատ ավելի լավ են ճանաչում իրենց համայնքի բնակչին, գնահատում նրա հնարավորություններն ու կարիքները ու ավելի քան համոզված են վարկի վերադարձելիության մեջ: Իսկ բանկի վարկային մասնագետն ինչ կարող է հասկանալ գյուղատնտեսույունից՝ գրեթե ոչինչ:Նա միշտ մտածում է, թե ինչ անի, որպեսզի ամեն ամիս ստանա իր տոկոսները: Ահա թե ինչու կառավարության կողմից գործողության մեջ դրված գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը չի կարողանում քննություն բռնել կյանքում առեւտրային բանկերի պահանջների կողքին,,-եզրափակեց  Գեղամ Մարգարյանը: Անշուշտ, ամենօրյա իր շփումներում ավագանու անդամը, գյուղաշխարհին մոտիկ կանգնած մարդը շատ ավելի խորամուխ է դեպքերի ու իրադարձությունների մեջ, նաեւ շիտակորեն մտահոգ իր երկրի վաղվա օրվա հանդեպ: Ու նրա ձայնը շատ ավելի շուտ լսելի պիտի լինի կառավարության ամենավերին օղակներում, եթե, իհարկե, մեր երկրում շահագրգռված են գյուղատնտեսության զարգացմամամբ, գյուղատնտեսությունը եկամտաբեր ու կայուն զարգացման ոլորտ դարձնելու արագ հեռանկարով:

Տաթեւ Հարությունյան

    

Հրապարակվել է։ 08:24 04/07/2019