Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ է Վրաստանում Դեբեդի ոռոգման ջուրը 4 անգամ էժան,քան Հայաստանում


Օրերս  Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում  այդ տարածաշրջանի համայնքների հիմնախնդիրների վերաբերյալ Տավուշի մարզպետ  Հայկ  Չոբանյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ  արծարծվեց ոռոգման ջրի սուր  խնդիրը: Վրաստանին սահմանակից Պտղավան գյուղի վարչական ղեկավար  Ռաֆիկ Օհանյանը հայտարարեց, որ իրենք դաշտերն ու այգիները ոռոգում են՝ լսելով հարեւան, Մառնեուլիի շրջանի  ադբեջանական գյուղերի բնակիչների ձայները: Նա ասաց, որ իրենք Դեբեդ գետի ջրով  ոռոգելու դեպքում մեկ հեկտարի տարեկան վարձավճարը կազմում է 55 հազար դրամ, իսկ իրենց հարեւան, Վրաստանի ադրբեջանական  գյուղերի բնակիչները  Դեբեդի ջրով ինքնահոս եղանակով ոռոգելու դեպքում վճարում են 4 անգամ պակաս՝14 հազար դրամին համարժեք լարի: Ռ. Օհանյանը չգիտի՝ Վրաստանի կառավարությունը սուբսիդավորո՞ւմ է արդյոք ոռոգման վճարը:  «Տավուշ» ջուր օգտագործողների միության տնօրեն Յուրա Որսկանյանը չժխտելով, որ Դեբեդ գետի ջրով մեկ հեկտարի ինքնահոս ոռոգման վճարը  55 հազար դրամ է կազմում, ասաց, որ ՀՀ-ում, անկախ ոռոգման ինքնահոս կամ մեխանիկական եղանակից, սահմանված է ոռոգման ջրի միասնական սակագին՝ մեկ խորանարդ մետր ջրի համար 11 դրամ:  Խորհրդակցության մասնակիցները նրան հարցրին, թե ինչպես է  չափվում ինքնահոս եղանակով տրվող ոռոգման ջրի քանակը; Նա ասաց, որ քրոնոմետրաժի եղանակով: Վրաստանին սահմանակից գյուղերի ղեկավարները դժգոհություն հայտնեցին, որ ամեն տարի ոռոգման սեզոնը ուշ է սկսվում, երբ ոռոգման ջրատարներում  մոշի թփերը մեծ չափով աճած են լինում, դժվար է լինում դրանց քերել-մաքրելը: Նրանք հայտնեցին,որ   ամառվա տապին, երբ բերքի հասունացման ժամանակն է, ոռոգման ջուր քիչ է տրվում, եւ բերքի մեծ  կորուստներ են լինում: Յուրա Որսկանյանը պատճառաբանեց, որ ուշ է սկսվում ոռոգման համակարգի պետական ֆինանսավորումը, նաեւ հայտնեց, որ ոռոգման համակարգը  50-60 տարվա վաղեմություն ունի, մաշված է: Նա ասաց, որ այս տարի իրենք  արդեն մաքրել են ոռոգման մայր առուները, ոռոգման համակարգում նորոգման աշխատանքներ են կատարել: Որսկանյանը  հայտնեց, որ Բերդավան գյուղի ջուրօգտագործողներն  ուշացնում են Այրումի քառաստիճան պոմպակայանի միջոցով, մեխանիկական եղանակով, ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի կնքումը, ինչը իրենց համար դժվարություններ է հարուցում: 

Հրապարակվել է։ 17:44 05/03/2019