Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչպես է լուծվում սահմանամերձ Բերքաբերի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը

1980թ. հանդիսավորությամբ գործարկվեց  Ջողազի ջրամբարը, որի ջրերով 10 տարի  ոռոգվում էին Ադրբեջանի Ղազախի շրջանի, Հայաստանի Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների հազարավոր հեկտար հողեր: Ի նշանավորումն  Ջողազի ջրամբարի կառուցման, հողերի բերքաբեր  դառնալու,  Ջողազի ջրամբարի ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի Ջողազ գյուղը 1978 թ. Բերքաբեր է վերանվանվել։ Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով 1991 թվականից  Ջողազի պոմպակայանը չի գործում: Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող, Ղազախի շրջանի  Մազամ գյուղի ադրբեջանցիները պոմպերով  արհեստական լճից ջուր են մղում, ոռոգում իրենց ցանքատարությունները: Բերքաբերի բնակիչները ոռոգման ջրի խնդիր ունեն, սակայն նրանք  45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրից   չեն  օգտվում, ջրամբարում  ջրամղիչ  պոմպեր չեն տեղադրված:  Բերքաբեր համայնքի ղեկավար Արգամ Արզումանյանը հայտնեց, որ ադրբեջանական դիրքերի դիմաց ոռոգման պոմպակայան սպասարկելը անվտանգ չէ; Ոռոգման պոմպեր  գնելը, դրանք էլեկտրաէներգիայով  աշխատեցնելը ֆինանսական ծախսեր են պահանջում, որը փոքր համայնքը ի վիճակի չէ հոգալ, ջրի ինքնարժեքը մեծ կլինի։  Ներկայումս պետական բյուջեի  46 միլիոն դրամ ֆինանսավորմամբ  Իջեւանի «Խաչմիշշին»  ՍՊԸ-ն  կառուցում է  Աճարկուտ-Բերքաբեր  6,2 կմ երկարությամբ ինքնահոս ջրատար, որի ջուրը կօգտագործվի ոռոգման եւ կենցաղային նպատակներով։ Կառուցվելու է նաեւ պարզարան եւ ֆիլտրացիոն կայան։  Այդ ջրատարի կառուցման  աշխատանքների մոտ ավելի  քան 70 տոկոսն արդեն ավարտված է։ Ա Արզումանյանն ասաց, որ   130  ծուխ ունեցող Բերքաբերի  ոռոգման ջրի խնդիրն այդ ջրագծի գործարկմամբ  ամբողջությամբ  չի լուծվելու, քանի որ Բերքաբերի որոշ հատվածներում ոռոգման  ներքին ցանց  գոյություն չունի։ Բերքաբերում սուր է խմելու ջրի խնդիրը, գյուղի կենտրոնում գտնվող, նախկինում հորդ  աղբյուրի ջուրը պակասել է։ Համայնքի ղեկավարն ասաց, որ Բերքաբերի  բնակիչները Աճարկուտ գյուղի  տարածքից ձգվող խմելու ջրագծի համար  գումարներ են հանգանակել, բարեգործները  ջրագծի  խողովակերն են տրամադրվել;  Խմելու ջրագծի շնորհիվ սահմանամերձ  գյուղի դպրոցը , մանկապարտեզը, բժշկական ամբուլատորիան , Բերքաբերի  տարբեր թաղերում առկա  հանրային 8 ծորակները կապահովվեն խմելու ջրով, կկառուցվի եւս մեկ ծորակ։  Խմելու ինքնահոս  այդ ջրագծի շինարարությունը սկսելու համար ջրագծի ակունքում  դեռեւս որոշակի աշխատանքներ պետք է կատարվեն։

Հրապարակվել է։ 11:42 02/12/2019