Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քոքոբելյանի ՀԷԿ-ի պատճառով հանգստյան գոտու տարածքը ճահճացել է


2009թ․-ից  Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3,5 կմ  հատվածում, ,Աղստեւի աջ ափին , 3,6 հեկտար տարածքում գործում  է «Հեքիաթ»   հանգստի գոտին։  Դրա սեփականատեր , ծնունդով  Խաշթառակ գյուղից  Սամվել  Մատինյանը մեծ ծավալի աշխատանքներ , ծախսեր է կատարել  հանգստի գոտին  ստեղծելու համար։  Նա «Հեքիաթ»  տանող, Աղստեւի վրա երկաթյա կամուրջ է կառուցել, հանգստյան  գոտում ՝ բազում շինություններ,  նաեւ՝  Խաշթառակի տարածքում  նկարահանված  «Մենք  ենք, մեր սարերը» ֆիլմի  հերոսների արձանախումբը։  2018 թ․  հանգստյան գոտու հարեւանությամբ,  ավելի  ներքեւ, Լուսաձորի վարչական տարածքում  «Կոկ»    ՍՊԸ-ն  փոքր ՀԷԿ է  կառուցել։  Ս․ Մատինյանը հայտնեց, որ  ՀԷԿ-ը կառուցվել  է  ճարտարապետանախագծային  նորմերի  կոպիտ խախտումներով, որի հետեւանքով գետի վրա  արհեստական ջրամբար  է  առաջացել։  Նա ասաց, որ  փոքր ՀԷԿ-ի շինարարության  գոտու համար  հատկացվել  է  420 քառակուսի մետր  տարածք, սակայն այն  կառուցվել  է 1500 քառակուսի մետր տարածքում։  Գետի վրա ամբարտակը կառուցվել  է  նախատեսված տեղից  վերեւ, որի արդյունքում  ՀԷԿ-ը  նախատեսվածից ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, շահույթ ունենում։  Սատինյանի վկայությամբ՝  ՀԷԿ-ի շինթույլտվությունը , շինարարության ավարտական  ակտը կազմվել  են կեղծիքներով։  Արհեստական ջրամբարի պատճառով  հանգստյան գոտու  շուրջ մեկ հեկտար   գյուղարտադրական նշանակության հողատարածք  հայտնվել  է ջրի տակ, ճահճացել, հանգստյան գոտում տնկված  120 հատ կորոլյոկի ծառերը ոչնչացել են։ Նախկինում  գետի մեջով, դեպի հանգստյան գոտի եւ  Խաշթառակի հողեր   ճանապարհ է եղել, որով  գետի ոչ վարար  ժամանակ գյուղտեխնիկան տեղափոխվել է , աշխատանքներ կատարել։  Արհեստական ջրամբարի առաջացումով այդ  հատվածում  ջրի բարձրությունը հասել է  2 մետրի,  ճանապարհը վերացել է։ Նախկինում հոսանքը  քշում-տանում էր  Աղստեւ նետված պլաստիկ շշերը, զանազան աղբը։ Արհեստական ջրամբարի գոյացումից հետո   կենցաղային աղբը կուտակվում է այդտեղ։ Մատինյանը նպատակ ունի գյուղարտադրական նշանակության  այդ  տարածքում զբոսաշրջություն  զարգացնելու, մրգերի չորանոց ստեղծելու։  Նա ասաց, , որ այդտեղ կուտակվող  աղբը արտասահմանցի զբոսաշրջիկների վրա  վատ տպավորություն է թողնում ։ Ս․ Մատինյանը հանդիպում է ունեցել   փոքր ՀԷԿ-ի սեփականատեր, « Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի հետ, ոը,  բացի այդ ՀԷԿ-ից․ Իջեւանի տարածաշրջանում   3 փոքր ՀԷԿ –ի տեր է։  Մինչ  Հայաստանում  խաղաղ հեղափոխությունը  Խ․ Քոքոբելյանը Մատինյանին  ասել  է , որ ինքը  Սերժ Սարգսյանի հարազատների հետ սերտ կապերի մեջ է, ակնարկելով , որ իր դեմ  բողոքներն անօգուտ են։   Մատինյանն ասաց,որ հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է  փոխվել,  ինքը  ձգտում  է արդարություն ։ Նա փոքր ՀԷԿ-ի շինարարությունում  խախտումների վերաբերյալ   2 ամիս առաջ դիմել  է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, վերջինս պատասխանել է, որ   համայնքների ղեկավարների    վրա ազդելու լծակներ ինքը չունի, Ս․ Մատինյանն ինքն էլ կարող է  տարբեր ատյաններ դիմել  այդ  խնդրով։  Դրանից հետո մարզպետը դիմել  է քաղաքաշինության նախարարություն, որպեսզի նախարարության  մասնագետները  նշված տեղում  չափագրում-ուսումնասիրություն իրականացնեն։ 

Հրապարակվել է։ 08:13 09/05/2019