Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խաղողի մթերման գներն աճել են

Սեպտեմբերի 12-ից  Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները։ Առաջինը խաղողի մթերումն սկսել են Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում։ Այնտեղ  խաղողի մթերումը կատարվում է կիլոգրամը 150 դրամով։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության  եւ  բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ անցյալ տարի խաղողն ընդունվում էր 140 դրամով, իսկ այս տարի՝ նվազագույնը 150 դրամով։ Իջեւանի գինու, կոնյակի  գործարանում խաղողն ընդունվում է 155 դրամով,  այնտեղ  Բերդի տարածաշրջանից  ներկրված խաղողի  համար նաեւ տրանսպորտային ծախսն  է  հատուցվում, այդ  խաղողի կիլոգրամն ընդունվում է 160 դրամով։ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանում  խաղողի ընդունման գինը  155 դրամ է։ Սակայն միայն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում են անմիջապես վճարում ընդունած խաղողի համար, Իջեւանում եւ Դեբեդավանում վճարումները կատարվում են  ավելի ուշ,  ըստ սահմանված ժամանակացույցի։ Վ․ Սուքոյանը  հայտնեց, որ մինչ այժմ  Բերդում  ընդունել են 2500, Իջեւանում 430, Դեբեդավանում 200 տոննա խաղող։  Առաջիկայում խաղողի մթերումը կսկսի  Բերդավանի գինու գործարանը։

Հրապարակվել է։ 07:45 25/09/2019