Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը պաշտոնավարելուց 5 ամիս ա՞նց շնչեց Լուսաձորի անասնաֆերմայի գարշահոտը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հուլիսի 10-ին  կարգադրել է Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության պատճառներն ուսումնասիրելու եւ դրանք վերացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետի խորհրդական Արբակ Խաչատրյանը, աշխատանքային խմբի քարտուղար՝ Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, աշխատանքային խմբի անդամներ`  Տավուշի մարզպետարանի իրավաբանական  բաժնի վարիչ Գագիկ Մելիքբեկյանը, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության  վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գեւորգյանը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի տնօրեն Անուշ Պողոսյանը(նրա համաձայնությամբ) , ՀՀ  բնապահպանության եւ ընդերքի տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանը(նրա համաձայնությամբ)   եւ Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը(նրա համաձայնությամբ): Մարզպետը կարգադրել է սեղմ ժամկետում  ուսումնասիրել  Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության առաջացման  պատճառները  եւ ներկայացնել տեղեկատվություն, մշակել եւ ներկայացնել  առաջարկություններ վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ։ Զարմանալի է, որ 2019թ․ փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված, գրեթե  ամեն օր Լուսաձոր գյուղի մոտով ձգվող միջպետական  ավտոճանապարհով անցնող Հայկ Չոբանյանն  այդ ճանապարհին տարածված գարշահոտը  զգաց   հիմա՝  հուլիսին,  քանի տարի այդ գարշահոտը տարածված է միջպետական ավտոճանապարհին: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից։ 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորել են 3,5 տոննա պանիր: 2018թ սեպտեմբերին սատկել են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղում գտնվող անասնապահական ֆերմայի 19 կով:  Այդ  ժամանակ զանգահարեցի «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տոնոյանին, որը չժխտելով կովերի անկումը, ասաց, որ նմուշներ են ուղարկվել Փարիզ, որպեսզի հետազոտությամբ պարզվի կովերի սատկելու պատճառը: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Տավուշի մարզի գյուղերում  7 փոքր անասնաֆերմա է ստեղծել, ոռոգման մի քանի  ջրագծեր կառուցել, տավուշցի այգեգործներին որոշակի քանակի պտղատու ծառերի տնկիներ տրամադրել: Այժմ  հիմնադրամը բիզնես ծրագիր է իրականացնում,  կաթնամթերք արտադրում,  «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ն  Լուսաձորի պանրագործարանի արտադրանք պանիրն արտահանում է  Ռուսաստան: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամում իշխում են բարեկամական կապերը: Սուրեն Գեւորգյանը լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ «ԷկոՏավուշի» տնօրենն է,, վերջինիս հորեղբոր որդին՝ «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենը: Հասմիկ Գեւորգյանի հորեղբոր որդի Տիգրանը, ով նախկինում Երեւանի քաղաքապետարանում վարորդ էր, «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենն է: 

Հրապարակվել է։ 07:17 17/07/2019