CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեղադրվում է յուրացնելու մեջ

 


«Տավուշ»   ջրօգտագործողների  ընկերության»  (ՋՕԸ) նախկին գլխավոր ինժեներ, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Սերգեյ Ղարախանյանը  նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուր  անդրադարձել է  այդ ՋՕԸ-ի  գործադիր  տնօրեն Յուրա Որսկանյանի գործունեությանը: Նա վարչապետին հայտնել է, որ 2017թ. նախկին կառավարության կողմից օպտիմալացման-խոշորացման ծրագիրն իրականացնելու նպատակով կազմավորվեց  «Տավուշ» ՋՕԸ-ն, «եւ քանի որ Յուրա Որսկանյանը քավոր-խնամիական եւ հարազատական կապեր ուներ նախկին կառավարության որոշ ներկայացուցիչների հետ, նշանակվեց  «Տավուշ»  ՋՕԸ-ի գործադիր տնօրեն: Այս տարիների ընթացքում Յուրա Որսկանյանի կողմից կատարվել են բազմաթիվ անօրինականություններ, պաշտոնական դիրքի չարաշահում: 2018թ. օգոստոսի 31-ին, իմ կողմից տրված հաղորդման համաձայն, Յու. Որսկանյանի նկատմամբ հարուցվել է թիվ 47157218 քրեական գործը՝ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  եւ 3-րդ կետերով, որը վարույթ է  ընդունվել 2018թ.-ի սեպտեմբերի 18-ին, խոսքը գնում է 5 300 000  դրամ գումար յուրացնելու-հավելագրելու մասին»:  Ս. Ղարախանյանը նշում է, որ ՀՀ օրենսդրությամբ ջրօգտագործողների ընկերության բարձրագույն մարմինը ջրօգտագործողների ընկերության բարձրագույն ժողովն է, իսկ ընկերության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է վարչական խորհուրդը: Սակայն այդ վարչական խորհուրդները ձեւական բնույթ են կրում եւ ոչ մի հարց  չեն կարողանում լուծել: Նա տեղեկացնում է , որ 2018թ. նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել  «Տավուշ»   ՋՕԸ-ի ընդհանուր ժողովը, որտեղ միաձայն որոշվել է նորից տարանջատել Նոյեմբերյանի, Իջեւանի, եւ Բերդի ՋՕԸ-երը, դրանք դարձնելով ինքնուրույն միավորներ, սակայն մինչ հիմա հարցը չի լուծվել, Յուրա Որսկանյանը շարունակում է լինել «Տավուշ»   ՋՕԸ-ի գործադիր տնօրենը:  Ս. Ղարախանյանը  հայտնեց , որ «Սպայկա» ընկերությունը  ոռոգման ջուր է խնդրել Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ  գյուղի տարածքում գտնվող իր ցանքերը մինչեւ մարտի 10-ը  ոռոգելու համար, դեռեւս փետրվարի 4-ին «Տավուշ»   ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի ղեկավար Գագիկ Վերանյանն այդ առթիվ դիմել է  Յուրա Որսկանյանին, փետրվարի 21-ին  այդ առթիվ նրան  գրավոր է դիմել, սակայն Որսկանյանը հարցին ընթացք չի տվել, մինչ այժմ ոռոգման ջուր չի տրվել: Ներկայումս «Տավուշ»   ՋՕԸ-ի   Նոյեմբերյանի տեղամասի ոռոգման ջրագծերին կից տարածքների մաքրում է  կատարվում: Ս. Ղարախանյանի վկայությամբ՝ Յու. Որսկանյանը այդ գործը կատարող  բանվորներին  օրավարձով է վարձատրում, սակայն կազմում է փաստացի կատարած աշխատանքի կատարողականներ, ինչը  չարաշահումների տեղիք կարող է  տալ:

Հրապարակվել է։ 12:00 13/03/2019