Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի համայնքապետարանի պարզաբանումը եւ իրազեկումը

Հարգելի՛ բնակիչներ,

Շուրջ 2.5 ամիս առաջ բուռն քննարկումներ սկսվեցին Բարեկամավանի «Շլորկուտ» և «Կոպալի գյուղ» հանդամասերի վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2010 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, ըստ որի, պետական նշանակության հողատարածքները հանձնվել են կից համայնքներին, կատարվել են միջհամայնքային վերաբաշխումներ, վերաձևվել և հաստատվել են միջհամայնքային և միջմարզային նոր սահմանները: Նոր բաժանումներից անմասն չեն մնացել նաև վերոնշյալ երկու հանդամասերը։

Նոր քարտեզագրում կատարելու և հողերը վերաբաշխելու խնդիրը մշտապես եղել է թե՛ Տավուշի մարզպետարանի, թե՛ Նոյեմբերյանի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։ Պարբերաբար կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, իսկ երկու օր առաջ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից գրություն է ներկայացվել Տարածքային կառավարման նախարարություն՝ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով։ Արձագանքը չի ուշացել. այս պահին խնդրի օպտիմալ և հնարավորինս արագ լուծման տարբերակներ են քննարկվում։

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ այս տասը տարիների ընթացքում ոչ ոք բարեկամավանցիներին չի զրկել իրենց ավանդական արոտավայրերը տնօրինելու հնարավորությունից, նման խնդիր չկա նաև հիմա։ Չնայած փաստաթղթային հակասություններին, նշված արոտներն օգտագործում են Բարեկամավանի բնակիչները։

Ցանկանում ենք հիշեցնել, որ խնդիրը միայն Բարեկամավանով և, առհասարակ, Նոյեմբերյան համայնքով չի սահմանափակվում։ Նույն իրավիճակը նաև Ծաղկասարի (Չիբուլլու) հետ կապված է, որին անդրադարձել էինք վերջերս։ Խնդիրը համընդհանուր է ամբողջ մարզի համար, և դրա շուտափույթ լուծումը բոլորիս շահերից է բխում։

Եվս մեկ անգամ հորդորում և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց կամ այդպիսի տեղեկություններին հավատալուց։ Խնդրի լուծման զարգացման վերաբերյալ բոլոր նորություններին կարող եք հետևել Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

 

Հրապարակվել է։ 08:24 17/06/2020