Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Օրգանական մեղվամթերքի արտադրությունը Նոյեմբերյանում



Մարդկության պատմության զգալի մասը գյուղատնտեսական տեսանկայունից կարելի է անվանել օրգանական, քանի որ  թունաքիմիկատների ներթափանցումը գյուղատնտեսություն սկսվեց 20-րդ դարում: Ի պատասխան գյուղատնտեսության արդյունաբերացման 1940 թ-ին եվրոպայում առաջ եկավ “օրգանական” շարժումը` Կանաչ Հեղափոխություն անվան տակ: Ներկայումս օրգանական գյուղատնտեսության լայնորեն ընդունված գործելակերպը ձգտում է արդյունավետորեն կառավարել գյուղատնտեսական  ռեսուրսները, նպաստել էկոլոգիական հավասարակշռությանը, պահպանել կենսաբազմազանությունը, միաժամանակ մարդկությանը ապահովել օրգանապես մաքուր՝ առողջ սննդով։ 

Օրգանական սննդամթերքը դա այն մթերքն է, որը արտադրվում է օգտագործելով այնպիսի ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք չեն պարունակում որևիցէ արհեստական նյութեր, ինչպիսիք են թունաքիմիկատները, քիմիական պարարտանյութերը կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմերը,  չունեն ճառագայթային ազդեցություն և արտադրված են էկոլոգիապես մաքուր պայմաններում:

Հայաստանում կա 340 հազար  գյուղացիական   տնտեսություն, որոնց  ճնշող մեծամասնությունը տեղեկացված չէ օրգանական  սննդի արտադրության  մասին, թեև  օրգանական գյուղատնտեսության  զարգացումը գերակա,  հեռանկարային  ուղղություն  է ճանաչվել մեր երկրում: 2008 թ –ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվել  է  «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքը: Ներկայումս Հայաստանում  օրգանական մթերք արտադրելու և իրացնելու սերտիֆիկատ ունեն 40 ֆերմերային,     7 մեղվապահական և 2 վերամշակող ընկերություններ: 

Եվրոպական Միության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից օրգանական գյուղատնտեսության աջակցման նախաձեռնության շրջանակներում Նոյեմբերյան համայնքի երեք մեղվապահական տնտեսություններ(Գառնիկ Գուլքանյան,Վարդան Հովսեփյան,Սուրեն Գուլքանյան), որոնք տիրապետում են շուրջ 230 մեղվաընտանիքի սկսած 2016 թ.-ից, Վերելք ՀԿ –ի համագործակցությամբ ավանդական մեղվապահությունից  անցում են կատարում օրգանական մեղվամթերքի արտադրության: Խմբի կողմից հիմնական արտադրատեսակներն են մեղրը և մեղվի մայրական կաթը, նախատեսվում է տարեկան արտադրել և սպառման շուկա հանել շուրջ 3400կգ մեղր եւ մինև 2500 գրամ մեղվի մայրական կաթ: Արտադրությունը իրականացվում է «Կովկասյան Գորշ» մեղվատեսակի միջոցով, որի համար մայրաբուծությունը կատարվում է տեղում՝ Գառնիկ Գուլքանյանի կողմից:  Մեղվապահությունը և մեղրահավաքը կիրականացվեն բացառապես օրգանական պայմաններում, զերծ մնալով ցանկացած տեսակի քիմիական ծագման միջոցների կիրառումից: Օրգանական արտադրության անցման   ամբողջ աշխատանքները վերահսկվում են Հայաստանում միակ սերտիֆիկացնող մարմնի՝ «Էկոգլոբ» ՍՊԸ –ի մասնագետների կողմից:

 Ծրագիրը  իրականացվում է Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից՝  Եվրոմիության եւ Ավստրիական Զարգացման Գործակալության համատեղ ֆինանսավորմամբ:  

Հրապարակվել է։ 12:58 18/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia