Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պետական բյուջեի 299 միլիոնով «հները» ճանապարհ են սարքում, որն անվտանգություն չի ապահովում

 

Ներկայումս  Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի տարածքում,  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմոզ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասում պետական բյուջեի  299 միլիոն դրամ  ֆինանսավորմամբ ճանապարհի 2 հատված՝ 838  եւ 116 մետր երկարությամբ, կառուցապատվում  են։ Ճանապարհի այդ հատվածները  նախկինում  նորոգ էին, դրանք վերափոխվում են։  Շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասի 838 մետրը փորվում, խորացվում է, որպեսզի այն տեսանելի չլինի դեմ-դիմաց , Օդնդաղ սարում  տեղակայված  ադրբեջանական հենակետերից։  Հիմնական ավտոճանապարհի  116  մետր հատվածում նույնպես ճանապարհի մակարդակն  իջեցվելու է, որպեսզի այն լինի շրջանցիկ ավտոճանապարհի իջեցված հատվածի հետ  նույն բարձրությամբ, սահուն միանա  Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբին ։   Նախագծանախահաշվային փաստաթղթերով վերափոխվող  ավտոճանապարհի արժեքը կազմել է 399 միլիոն դրամ, այս տարվա ամռանը ավտոճանապարհի շինարարության մրցույթը 299 միլիոն դրամ առաջարկով շահել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն ։ Այդ ընկերության  ղեկավարը Լինսի հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանն է։ Նրա ընկերությունն է շահագործում  Դիլիջանի ավտոմոբիլային թունելը։  Պետական բյուջեից 299 միլիոն  դրամ է ծախսվում գրեթե 1  կմ ճանապարհ վերափոխելու համար, Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի  սկզբնամասի անվտանգության  ապահովման նպատակով , սակայն հայ-ադրբեջանական սահմանը   շրջանցող այդ   ավտոճանապարհի մյուս ծայրին, Բաղանիս գյուղի տարածքում, Հարսնաքար սարի լանջերին այդ ավտոճանապարհը խոցելի է ադրբեջանական հենակետերից կատարվող գնդակոծություններից։ Մի քանի տարի  առաջ շրջանցիկ ավտոճանապարհի այդ հատվածը գնդակոծվել է  Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերերից։ Վերոհիշյալ 299 միլիոն դրամին  կարելի էր որոշ գումար հավելել եւ կառուցել Ոսկեպար-Կիրանց նոր, ավելի կարճ, անվտանգ, հողի  կամ այլ  պատնեշով եզրափակվող  ավտոճանապարհ։ Խորհրդային տարիներին Ոսկեպար-Կիրանց հիմնական  ավտոճանապարհը 4 կմ երկարությամբ  էր ։2001թ․ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց  Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ  շրջանցիկ ավտոճանապարհ։ Այն կառուցվեց շատ ոլորաններով, հնարավորինս երկար, որպեսզի Լինսի հիմնադրամից այդ ճանապարհի շինարարության  համար մեծ գումար տրվի։ Այդ ճանապարհը խոցելի, է տեսանելի   Օնդաղ սարի  ադրբեջանական  դիրքերից, շրջանցիկ  այդ ճանապարհը 2015թ․ սեպտեմբերի 24-ին գնդակոծվեց ադրբեջանական  հենակետերից։

Հրապարակվել է։ 07:33 26/09/2019