Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սարերի տարածքների վերաբերյալ Նոյեմբերյանի համայնքապետարանի հայտարարությունը

Հարգելի՛ բնակիչներ,

Քանի որ վերջին ժամանակներս կորոնավիրուսի վերաբերյալ խոսակցություններից ոչ պակաս ակտիվությամբ նոյեմբերյանցիների շրջանում քննարկվում է Ծաղկասարի (Չիբուլլու) և հարակից հեռագնա արոտների թեման, հարկ ենք համարում պարզաբանում տալ:

Դեռևս խորհրդային ժամանակներում իշխանությունները՝ հաշվի առնելով նախկին Նոյեմբերյանի շրջանի բնակավայրերում անասնապահության համար ոչ նպաստավոր պայմանները (խոտհարքերի և արոտավայրերի խիստ սակավությունը), մոտ 40-60 կմ հեռավորության վրա գտնվող սարերում պետական ֆոնդից տարածքներ են տրամադրել հեռագնա անասնապահությամբ զբաղվող գյուղացիներին: Ավելի քան 70 տարի շարունակ մարդիկ՝ կտրվելով իրենց հիմնական ապրելավայրից, հնարավորություն են ունեցել գոնե սեզոնային անասնապահությամբ լուծելու իրենց ապրուստի խնդիրը: Նշված տարածքներում նրանք ստեղծել են ժամանակավոր կացարաններ և տարրական ենթակառուցվածքներ:

2010 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, ըստ որի պետական նշանակության հողատարածքները հանձնվել են կից համայնքներին, կատարվել են միջհամայնքային վերաբաշխումներ, վերաձևվել և հաստատվել են միջհամայնքային և միջմարզային նոր սահմանները:

Մինչև վերջերս ոչ մեկին չհետքրքրող այս փոփոխությունն այսօր մեծ խնդիր է դարձել, քանի որ այդ տարածքներին փաստացի տիրապետող համայնքների ղեկավարները դրանք վարձակալությամբ հանձնել են երրորդ կողմին, և նոյեմբերյանցիները զրկվել են իրենց անասուններն այդ արոտավայրերում պահելու հնարավորությունից: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ անասնապահությունը Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնական զբաղմունքն է, նրանցից շատերի ապրուստի միակ միջոցը: Իսկ մեր բնակավայրերին հարող հողատրածքները հիմնականում գտնվում են վտանգավոր գոտում, ինչի պատճառով մարդիկ ստիպված են անասունները տեղափոխել հեռագնա արոտներ:  Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ Նոյեմբերյանի համայնքապետարանը դիմել է մեր մարզի երեք պատգամավորներին՝ առաջարկելով հանդես գալ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:

Քանի որ օրենսդրական փոփոխություններ կատարելու գործընթացը բավականին ժամանակատար է, այս ընթացքում նաև հանդիպում է կայացել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի տնօրինության և շահագրգիռ համայնքների ղեկավարների միջև, որի ընթացքում առաջարկվել է հետագա քննարկումների արդյունքում, առաջնահերթ համարելով գյուղացու պահանջը և շահերի բախումից խուսափելու նպատակով, առաջիկա մեկ տարվա համար գտնել խնդրի լուծման օպտիմալ տարբերակ, իսկ այդ ընթացքում կկազմվի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը:

Կոչ ենք անում բոլորիդ ցուցաբերել համբերատարություն և հանդուրժողականություն. խնդրին հնարավորինս արագ լուծում տալը մեզ համար առաջնահերթություն է: «Չար լեզուների» սադրանքներին տրվելուց առաջ փորձեք ցանկացած հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ Նոյեմբերյանի համայնքապետարանից։ Առողջ եղեք։

 

Հրապարակվել է։ 12:40 10/06/2020