Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետն անտեսեց բանանի աճեցման մասին իր հայտարարությունը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  հեռուստատեսային մի  հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ  Իջեւանի բնակիչները մասսայաբար բանան եւ կիվի են աճեցնում։ Մարզի ղեկավարին գրավոր հարցում  ենք  ուղարկել , թե  Իջեւանում ինչքա՞ն  կիլոգրամ  բանան եւ կիվի է աճեցվել։  

Մարզպետ Հայկ Չոբանյանն  իր պատասխանում անտեսել է  բանանի աճեցման ասին իր պնդումը, գրելով․  «Կիվին աճեցվում է բնակիչների  տնամերձերում։ Տարեցտարի ավելանում է բնակիչների հետաքրքրությունը կիվիի աճեցման նկատմամբ։ Դեռեւս մարզում կիվիի արտադրական նշանակության այգիներ  չկան։ Այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, համապատասխան փորձագետներ հրավիրելու՝ կիվիի, թզի, արքայանաջնջի մշակության խորհրդատվություն  մատուցելու  համար»։

Տավուշի մարզի բնակիչները ներկայումս  թվային հեռարձակմամբ կարող են դիտել  9 հեռուստաալիք: Դրանցից մեկը`Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ» -ն, որը թվային հեռարձակում էր իրականացնում,  2017թ մարտից  դադարեցրել է հեռարձակումը:  2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։  Չեն գործում նաեւ նաեւ նախկինում անալոգային  հեռարձակում իրականացնող , Տավուշի  մարզի տեղական հեռուստաընկերությունները՝Իջեւանի «Իջեւան ստուդիան» եւ Նոյեմբերյանի «Քամուտ»-ը։  2019թ մայիսի 17-ին   Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում որպես  մարզպետ իր պաշտոնավարման 100-օրյակի կապակցությամբ   կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հայկ Չոբանյանը  հայտնեց, որ 2019թ ամռանը, ամենաուշը  2019թ․ օգոստոս ամսին  Տավուշի մարզային հեռուստաընկերությունը կվերագործարկվի։ Ձմեռն է մեկնարկել, սակայն Տավուշում  մարզային հեռուստաընկերություն չի գործում։ Տավուշի մարզպետարանը  հայտարարել է, որ  մարզպետարանը լրագրողական կադրեր է պատրաստում Տավուշում գործակվելիք հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համար։

  Տավուշի մարզպետին դիմել  ենք            տեղեկատվական հարցումով, թե  ի՞նչ ծրագրով, ո՞ւմ ֆինանսավորմամբ են պատրաստվում լրագրողական կադրերը։  Մարզպետի պատասխանում նշված է«Լրագրողների կադրերի հավաքագրումն ու ուսուցումը կազմակերպում է ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը՝ Իջեւանի Ինֆոտան հետ համագործակցությամբ։ Ֆինանսական միջոցները փնտրվում են, իսկ լրագրողական կադրերի ուսուցումը մարզպետարանին վերաբերում է  ճգնաժամային հաղորդակցության, արտակարգ իրավիճակների, եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում՝ հանրային իրազեկման եւ բնակչության պատրաստվածության բարձրացման հարցերով։ Այն հանդիսանում է «Դիմակայուն Տավուշ» ծրագրի բաղկացուցիչ մասը»։

Հրապարակվել է։ 15:47 04/12/2019