Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետն ինչպե՞ս է օգնել 172 խոզի կորուստ ունեցած համագյուղացուն

Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բնակիչ Հայկ Առուստամյանի 172 խոզերը  2018թ․ դեկտեմբերի 7-17-ը անհայտ  հիվանդությունից սատկել են, նա հայտնվել է շուրջ 30 հազար դոլար վարկի տակ։ Սատկած կենդանիներերի ներքին օրգաններից  վերցված նմուշները ուղարկվել են Երեւան, լաբորատորիա, լաբորատորիայից պատասխանել են, որ համապատասխան ախտորոշիչ հավաքածուների բացակայության պատճառով խոզերի  դասական ժանտախտ եւ աֆրիկյան ժանտախտ հիվանդությունների առկայությունը չի հետազոտվել ։ Հ․ Առուստամյանը կարծում է, որ իր խոզերը սատկել են աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով ծագումով Տավուշ գյուղից է,  համագյուղացի Հ․ Առուստամյանին խոստացել   է օգնել։  «Տեսանկյունը»    գրավոր դիմել  է Տավուշի մարզպետին, թե նա ինչպես է աջակցել  անասունների կորուստ ունեցած համագյուղացուն։ Մարզպետի պատասխանում նշված է․«  Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Հայկ Առուստամյանը իր անկված խոզերի դիմաց փոխհատուցում ստանալու խնդրանքով մարզպետարան է դիմել 2019 թվականի ապրիլին:  Քաղաքացուն աջակցելու և որոշ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով մարզպետարանը դիմել է թվով 7 բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև «Հայ մայրեր»     բարեգործական հասարակական կազմակերպությանը:Նշված վարկային կազմակերպությունները Հ.Առուստամյանին առաջարկել էին դիմում հայտ ներկայացնելու և պարտավորությունների վերակառուցման հարցը քննարկելու՝ բացառապես իրենց մոտ գործող պայմանների շրջանակում: Արդյունքում «Ֆինքա»  ՈԻՎԿ ՓԲԸ վարկի մարման ժամկետը երկարացրել է մինչև 5 տարի՝ համապատասխան մարման տոկոսներով: Մարզպետարանը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, 07.05.2019թ. թիվ 02/02630-19 գրությամբ դիմել է նաև ՀՀ տարածքային կառավարման եւ  զարգացման նախարարություն մարզում ֆերմերային տնտեսության  գործունեությունը շարունակելու հնարավորություն տալու նպատակով խնդիրը քննարկելու և քաղաքացուն փոխհատուցում տրամադրելու համար:Միաժամանակ, համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 15.07.2019թ. թիվ  02/05.4/32770-2019 գրության, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ խնդիրը քննարկվել   ու մարզպետարանի կողմից 24.07.2019թ. թիվ 01/13/04201-2019 թվագրությամբ գրություն է ուղարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարին»։ Հայկ Առուստամյանը մարզպետի աջակցությունն անբավարար է համարում, նա կարծում է , որ պետությունը կարող է աջակցել իրեն, պետական բյուջեից օգնության գումար տրամադրելով կամ գյուղատնտեսական որեւէ ծրագրում ներառելով։ Նա հայտնեց, որ  խոզեր գնելու եւ կերակրելու համար ինքը  իր ընտանիքի եւ հարազատների անունից վարկեր է վերցրել «Կամուրջ»,«Ֆինքա», «ՍԵՖ» վարկային կազմակերպություններից եւ «ՎՏԲ բանկից, վարկատու այդ կազմակերպությունները եւ բանկը չեն սառեցրել իր վարկի մայր գումարները, այլ երկարաձգել են վարկի մարման ժամկետները՝ տոկոսներով հանդերձ, ինչը չի թեթեւացնում իր հոգսը։

Հրապարակվել է։ 08:47 23/01/2020