Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշում ջրի հորատանցքեր կբացեն

Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում  սուր է  խմելու ջրի խնդիրը։ Այդ հիմնախնդիրը ավելի  է սրվել կլիմայի գլոբալ  փոփոխությունների, երկրագնդի տաքացման հետեւանքով: Տավուշի գյուղերում  շատ աղբյուրներ ցամաքել են։  Փետրվարի 7-ին Երեւանում,  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի  մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները  հարց տվեցին Տավուշում խմելու ջրի  հիմնահարցի եւ դրա լուծման  ուղիների մասին։ Մարզպետը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը 2019թ․ -ին երկու անգամ  մարզի ջրային ակունքների եւ ջրավազանների ուսումնասիրություններ է կատարել, առաջին հետազոտություններից հետո ձեւակերպվել  են առաջնահերթ խնդիրները, սակայն տարեվերջին ստիպված են  եղել համայնքներ  երկրորդ անգամ խմբեր ուղարկել, որպեսզի համոզվեն, որ ջրահավաք ծավալներն  առկա են։ Տավուշի մարզպետարանը անցյալ  տարեսկզբից համայնքապետարաններից  քրոնոմետրաժ է պահանջել, որպեսզի համայնքապետարանները ստուգեն եւ  մարզպետարանին  տեղեկացնեն  առկա ջրային ռեսուրսների մասին։ Այդ նույն  աշխատանքը հիմա էլ  է կատարվում, որովհետեւ  սկսվել են  մի քանի ծրագրերի նախագծային աշխատանքները, եւ մարզպետարանը ստիպված է նույն  աշխատանքը նորից կատարել։  Բնության փոփոխության  հետ փոխվել  են նաեւ ջրային ծավալները եւ հարկադրված են  հետազոտական նոր գործիքներ  օգտագործել։ Ինովացիոն առաջարկություն կա  մագնիսական դաշտի միջոցով ուսումնասիրել   մարզի լանդշաֆտը եւ գտնել  ջրային նոր ռեսուրսներ։ Տավուշի մարզում  նախկինում  առանձնապես ընդունված  չեն եղել հորատանցքերը, բայց  հիմա ստիպված են   փոխել  քաղաքաշինական ռազմավարությունը, հատկապես ջրային ռեսուրսների օգտագործման առումով։  Մարզպետ Չոբանյանը հայտնեց, որ ոռոգման համակարգերի ծավալային մեծացումը հնարավորություն կտա մեծացնել  նաեւ խմելու ջրի  ջրային ավազանը։ Արդեն 30 տարի Տավուշի մարզում տասնյակ հազարավոր հեկտարներ չեն ոռոգվում ,   ձյան տեսքով  ջրային քիչ  պաշար կա,  նաեւ անապատացում է տեղի ունենում, ջրահավաքը նվազել  է։ Մարզպետը նշեց, որ  իրենք  պլանավորել են  խմելու ջրի  30-ից ավելի ծրագիր, որից 21-ն առաջնահերթ է։ Վերջիններիս  թվում են  Արճիս, Լճկաձոր , Տավուշ  գյուղերի խմելու ջրի ծրագրերը․ որոնք նախագծային փուլում են։ Հ․ Չոբանյանը հայտնեց, որ 2019թվականին «Հայաստան»  համահայկական հիմնադրամի կողմից հանգանակված գումարների մի մասը ուղղվելու է  Տավուշի մարզի խմելու ջրի համակարգի բարելավմանը,  եւ ինքը  հույս ունի, որ այդ  համակարգի առաջնահերթ խնդիրները հիմնադրամի աջակցությամբ կլուծվեն։

Հրապարակվել է։ 08:25 13/02/2020