Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վազաշենում հանրային լսումները չկայացան

 Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ  Վազաշեն գյուղում փետրվարի 27-ին  նախատեսված էր  անցկացնել  Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումներ: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ այդ հասարակական լսումները չեն կայացել: Նրա խոսքերով՝ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ ներկայացրած «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ղեկավարները, բնապահպան մասնագետները փետրվարի 27-ին Տավուշի մարզպետարանում  այդ խնդիրը քննարկել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որի արդյունքում որոշվել է հիմնահարցը  մանրամասն ուսումնասիրելու համար ստեղծել հանձնաժողով, եւ առանց շտապելու քննարկել իրավիճակը: Վազաշենից հայտնեցին, որ փետրվարի 26-ին սահմանամերձ  այդ գյուղ են ժամանել բնապահպան ակտիվիստ երիտասարդներ,որոնք  ի նշան երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու դեմ բողոքի մտել են խորհրդային ժամանակներից առկա հանքերի թունելները: Տեղեկություններ կան այն մասին, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանքերեւակման տեղամասերում բացի ոսկուց, արծաթից, պղնձից, ցինկից ու կապարից նախատեսում էր Վազաշենում  որոնել նաեւ ռադիոակտիվ տարրեր: «Տավուշն առանց հանքի» նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, ուր նշված է ՝հաշվի առնելով Հայաստանում մետաղական հանքերի շահագործման եւ  դրանց քայքայիչ ազդեցության դառը փորձը, հաշվի առնելով Տավուշի  մարզի՝ որպես բացառիկ մաքուր էկոլոգիական միջավայր ունեցող մարզի մասին պատկերացումները, անընդունելի է համարվում  Տավուշի մարզի որեւէ համայնքում մետաղական հանքի շահագործումը:  Նախաձեռնող խումբը  Տավուշի զարգացումը տեսնում է  միայն առողջ բնական միջավայրում՝ մարզում առկա էկոտուրիզմի, օրգանական գյուղատնտեսության եւ  թեթեւ  արդյունաբերության ներուժի կիրառման ճանապարհով։  Նախաձեռնող խումբը  կոչ է  ուղղել  նաև խնդրով մտահոգ բոլոր անհատներին եւ  կազմակերպություններին՝ միավորելու  ուժերը՝ Վազաշեն համայնքում հանքարդյունաբերությանն այլընտրանքներ գտնելու եւ  դրանց իրականացման հարցում բնակիչներին օժանդակելուն, որպեսզի Տավուշի մարզում հանքարդյունաբերություն չգործի:

 

Հրապարակվել է։ 22:45 02/03/2019