Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Aravot.am ․ Տավուշցի ուսուցչուհին մտահոգված է. «Տնօրեն կարող է դառնալ գյուղապետի դասարանցին»


Արեւիկ Բաղիրյանը Տավուշի մարզի Զորական գյուղի միջնակարգ դպրոցում 13 տարի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է աշխատել: Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալը կարծես գլխացավանք է դարձել իր համար, իր խոսքերով՝ անհիմն ազատել են աշխատանքից, ինչի մասին ֆեյսբուքի իր էջում ուսուցչուհին բազմիցս բարձրաձայնել է իր դեմ ուղղված արշավի մասին, որոշ պատգամավորներ էլ արձագանքել են: Մեզ հետ զրույցում Արեւիկ Բաղիրյանն ասում է, որ ավելի վաղ դիմել էր մարզպետարան, ԿԳՄՍ նախարարություն, կրթության տեսչություն, դատարան՝ աշխատանքում վերականգնվելու հայցով: Այժմ Արեւիկ Բաղիրյանը մասնակցում է գյուղի դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված՝ հունիսի 23-ին կայանալիք մրցույթին, որտեղ իրենից բացի եւս մեկ թեկնածու կա՝ Զորական վարչական շրջանի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանի համադասարանցի Ռուզան Ազարյանը: Ուսուցչուհու խոսքով, նախկին տնօրեն Սիլվա Խոջայանը, որը քրեական գործով էր անցնում, եւս քանիցս ակնարկել էր, որ իր փոխարեն դպրոցը պետք է ղեկավարի Ռուզան Ազարյանը: «Այժմ թղթերս հանձնել եմ, զարգացման ծրագիրս ներկայացրել, ինձ հիմնականում մտահոգում են խնամի-ծանոթ-բարեկամական հարաբերությունները եւ թշնամական հարաբերությունները իմ հանդեպ: Նախկինում ես երբեւէ որեւէ աշակերտի եւ ուսուցչի հետ խնդիրներ չեմ ունեցել»,-ասում է տնօրենի թեկնածուն: Կարդացեք նաև Շուրջ երկու շաբաթ գյուղացիները զրկված են եղել խմելու ջրից Կինն ամուսնու թմրանյութը հանձնել է ոստիկանություն Ակնալիճ եւ Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով Նրա խոսքով, իրեն միշտ ախոյան էր համարում նախկին տնօրենը, որն իրենից հետո տնօրենի պաշտոնում տեսնում էր Ռուզան Ազարյանին. «Նա ինձ առաջարկել էր չհանդգնել մասնակցել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ասել էր, որ ստորագրահավաք կանի իմ դեմ, եւ ես ի վերջո աշխատանքից ազատվեցի, իհարկե, ինքն էլ դուրս եկավ: Մի ամբողջ տարի այդ դպրոցում ուսումնական գործընթացը տապալված է եղել, դասադուլներ են եղել, ցույցեր: Ուսուցիչներն իրենց դասաժամերը թողած՝ իմ դասաժամերը խանգարելու հրահանգներով են զբաղված եղել»,-հայտնեց Արեւիկ Բաղիրյանը: Ինչ վերաբերում է Սուրեն Մարտիրոսյանին, նրա վերաբերյալ էլ շեշտեց, որ ակնհայտ սատարում է Ռուզան Ազարյանին, ու իր խոսքով, բոլորը գյուղում արդեն խոսում են, որ ընտրված թեկնածուն Ռուզան Ազարյանն է: Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Մարտիրոսյանն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում Արեւիկ Բաղիրյանի պնդումը, թե ինքն ինչ-որ մեկին աջակցում է: Հավելեց, որ գյուղում յուրաքանչյուրից էլ կարելի է ճշտել, եւ ամեն ոք կվկայի, որ անցել են ընտրություններին խառնվելու ժամանակները, հատկապես որ ինքը խորհրդի անդամ չէ եւ չի կարող ընտրության վրա որեւէ լծակ ունենալ. «Ես ինչո՞վ կարող եմ սատարել ինչ-որ մեկին, երբ հանձնաժողովը կազմված է ծնողներից, կոլեկտիվից, կառավարության ու մարզպետարանի կողմից, ազատ ընտրություն է, ամենքն իրենց կամքով են քվեարկելու: Ես այդ հանձնաժողովի հետ որեւէ կապ չունեմ»: Սուրեն Մարտիրոսյանի խոսքով, իրենց գյուղը մարշալներ, գեներալներ տված պատմական գյուղ է, որտեղ մի քանի ընտանիք է ապրում, ու բոլորը միմյանց ճանաչում են. «Չենք կարող մեկս մեկին սատարել կամ խանգարել, դա կդառնա պապենական թշնամանքի պատճառ»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է Բաղիրյանի խնդրին, ասաց, որ նրա շուրջ եղած կոնֆլիկտը մեկ օրում չի ձեւավորվել. «Տարիների ընթացքում հասունացել, հասել է այդ օրվան: Մարզպետարանն է տեղյակ, մարզպետն է այց կատարել, նախկին տնօրենի հետ խնդիր կար, հիմա էլ կա, կրթության վարչության պետն էլ է եկելԵս ընտրությանը չեմ գնալու, չեմ մասնակցելու, հանձնաժողովի անդամ չեմ, ոչ էլ ցանկություն ունեմ խառնվել: Հատկապես, որ մեկն իմ դասընկերուհին է, մյուսներն էլ իմ պապական թաղամասի մարդիկ են, իրենց հայրերն ու իմ հայրը նույն տեղից են գաղթել-եկել, նման բան չկա եւ չի կարող լինել»:

Արեւիկ Բաղիրյանի լուսանկարը՝ ֆեյսբուքից

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ Գ Որպես նյութի մեկնաբանություն Արեւիկ Բաղրիյանը համացնացում գրել է  « Մի ուղղում մտցնեմ՝ոչ թե տարիների ընթացքում,այլ վերջին մեկ տարվա ընթացքում է ձևավորվել կոնֆլիկտը,Սուրե՛ն, նաև քո ջանքերի ներդրմամբ:Վաղը դու կարող ես չգալ ընտրության,չէ՞ որ դու նախորդ մեկ տարում ակտիվ գործել ես,հաշվի՛ր խորհրդի կազմում ունեցածդ բարեկամների թիվը.. »։
.

Հրապարակվել է։ 13:40 22/06/2020