Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Առարկաները դասավանդում են ոչ մասնագետ ուսուցիչները

Չնայած Տավուշի մարզենտրոնում ավելի քան երկու տասնամյակ գործում  է  մանկավարժական կադրեր պատրաստող  ԵՊՀ  Իջեւանի մասնաճյուղը, մարզի հանրակրթական դպրոցներում  ուսուցիչների թափուր տեղեր շատ կան։  Տավուշի մարզպետարանից  հայտնում են, որ  դպրոցներում ուսուցիչների թափուր աշխատատեղերը համալրված են ժամկետային պայմանագիր կնքած աշխատակիցներով , կամ՝  ժամանակավորապես տրվել են հարակից առարկաների մասնագետներին՝ մինչեւ մրցույթների արդյունքում  հաղթող  ճանաչված անձանց հետ պայմանագիր կնքելը։ Ըստ սահմանված կարգի սահմանամերձ համայնքների դպրոցներում ժամանակավոր աշխատանքային պայմանագրով աշխատելու իրավունք ունեն նաեւ  հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողները։ Թափուր աշխատատեղերը համալլրելու նպատակով  Տավուշի մարզպետարանը համագործակցում  է «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ։ Ոշագրավ  է, որ ուսուցչի թափուր տեղեր կան նաեւ մարզկենտրոն Իջեւանի, Բերդ եւ Այրում  քաղաքների  հանրակրթական դպրոցներում։  Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոցում  առկա է ֆիզկուլտուրայի 18 դասաժամը  ոչ  մասնագետ ուսուցչի կողմից դասավանդվելու խնդիրը։  Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի   աղջիկների եւ տղաների խմբերում տեխնոլոգիայի առարկայի  4-ական դասաժամերը  դասավանդվում  են ոչ մասնագետ ուսուցչի կողմից։ Այրում քաղաքի միջնակարգ դպրոցում  տեխնոլոգիա առարկայի 4 դասաժամը նույնպես դասավանդվու մ  է ոչ մասնագետի կողմից։ Մարզի սահմանամերձ եւ ոչ  սահմանամերձ դպրոցներում առկա են տարբեր առարկաների տարբեր քանակի դասաժամեր, որոնք չեն դասավանդվում  մասնագետների կողմից։  Նման դասաժամեր առկա են Ազատամուտի, Գանձաքարի, Սեւքարի, Այգեհովտի, Կայանի, Դիտավանի, Բերքաբերի, Կիրանցի, Հաղարծնի, Խաչարձանի, Հովքի, Բարեկամավանի,Պտղավանի,Ոսկեվանի, Բագրատաշենի, Զորականի, Դեբեդավանի, Բաղանիսի, Այգեձորի, Չինչինի, Վերին Կարմիրաղբյուրի, Իծաքարի, Վարագավանի, Պառավաքարի, Նորաշենի, Մովսեսի հանրակրթական դպրոցներում։ Մարզի դպրոցներում  ի թիվս այլ մասնագետների, լեզուների  մասնագետ ուսուցիչների պակաս է զգացվում։ Պտղավանի միջնակարգ դպրոցում  հայոց լեզվի եւ գրականության 11 դասաժամը, Հովքի միջնակարգ դպրոցում  անգլերենի 14 դասաժամը, Դիտավանի եւ Իծաքարի  հիմնական դպրոցներում  ռուսաց լեզվի  14-ական  դասաժամերը, Սեւքարի միջնակարգ դպրոցում ֆրանսերենի 14 դասաժամը դասավանդվում են ոչ մասնագետների կողմից։ Տավուշի  հանրակրթական  դպրոցներում զգացվում   է ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի, երգ-երաժշտության , կերպարվեստի, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության եւ այլ  առարկաների մասնագետ ուսուցիչների կարիքը։

 

Հրապարակվել է։ 06:47 24/01/2020