+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

<<ԲԵՐԴԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ>> ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

2019թվականի մայիսին Բերդի պետական քոլեջի և Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի միավորումից ծնվեց Բերդի բազմագործառութային պետական քոլեջը, որը բացառիկ դերակատարություն ունի Ադրբեջանի հետ մոտ 180 /մեկ հարյուր ութսուն/ կմ սահման ունեցող Բերդի տարածաշրջանում. այն ոչ միայն կրթական գործառույթ է իրականացնում, այլև մարտավարական. տարածաշրջանում միակ միջին մասնագիտական հաստատությունը լինելով՝ երիտասարդներին սահմանում ապրելու և աշխատելու հնարավորություն է ընձեռում:

Քոլեջն իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան, ինչպես նաև պատրաստում է աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ:

Քոլեջի տնօրենությունը որդեգրել է հստակ քաղաքականություն. աշխատաշուկայի առաջարկի ու պահանջարկի ուսումնասիրության արդյունքում ներդրել նոր մասնագիտություններ: Բացառություն չէր նաև այս ուսումնական տարին. արդեն իսկ գործող մասնագիտություններին ավելացավ ևս մեկը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով <<Անասնաբուժություն>>: Նախատեսվում է նաև հեռակա կրթություն իրականացնել <<Հաշվապահական հաշվառում>>, <<Ապահովագրական գործ>>, <<Նախադպրոցական կրթություն>> մասնագիտություններով:

Այս տարի ընդունելությունը կատարվեց առցանց: Դիմորդները դիմում-հայտեր ներկայացրին հատկացված անվճար և վճարովի տեղերի համար: Սեպտեմբերի 15-ից    95 դիմորդներ կհամալրեն արդեն առկա ավելի քան 110 /մեկ հարյուր տասը/ ուսանողների շարքերը:

Քոլեջը հանրապետությունում առաջիններից մեկն է, որ գործատուի՝ <<Տավուշ Տեքստիլի>> հետ իրականացնում է դուալ կրթական ծրագիր:

Ուսումնական հաստատությունը մշտապես համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ ի շահ կրթության որակի և արդյունավետության բարձրացման:

Քոլեջի փորձառու տնօրենը՝ Աննա Ավալյանը, ունի ստեղծարար մտածողություն և մեծ ջանքեր է գործադրում ոչ միայն քոլեջի նյութատեխնիկական բազան համալրելու, այլև նորարար գաղափարները կյանքի կոչելու համար:

Շատ շուտով շահագործման կհանձնվի քոլեջի՝ հիմնովին վերանորոգված երրորդ մասնաշենքը՝ ամբողջապես նոր գույքով ու կահավորմամբ:

Սահմանագլխի քոլեջը մշտապես փնտրտուքի մեջ է և իրականացնելիք բազմաթիվ ծրագրեր ունի. միայն թե խաղաղություն լինի:

 

 

Հրապարակվել է։ 11:42 04/09/2020