Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ի՞նչն էր խանգարում «Տավուշ տեքստիլի» եւ Բերդի ուսումնարանի համագործակցության ծրագրի իրականացմանը


Դիլիջանում, «Մոնթե Մելքոնյան»  ռազմամարզական վարժարանի շենքում կայացած    «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ժամանակ, հունիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի  տաղավարին։ Նա  ընկերության սեփականատեր Սուրեն  Երիցյանին հարցրեց, թե ինչ ընթացքում է  Բերդի ուսումնարանի հետ, ընկերության համար աշխատող կադրեր պատրաստելու ծրագիրը։ Ս Երիցյանի եւ Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանի պարզաբանումներից   պարզ չդարձավ, թե հատկապես ի՞նչն է խանգարում այդ ծրագրի իրականացմանը։ Այդ մասին տեսանյութ կա համացանցում։ Դիմեցի  Բերդի պետական  քոլեջի  տնօրեն Աննա Ավալյանին , հարցրի, թե ի՞նչ փուլում է այդ ծրագրի իրականացումը։  Տիկին Աննան  հայտնեց հետեւյալը «2018 թվականի հոկտեմբերի 28- ին կնքվել է համագործակցության պայմանագիր   «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի եւ   «Բերդի արհեստագործական  պետական ուսումնարան»  ՊՈԱԿ-ի  միջեւ, որի համաձայն  «Տավուշ տեքստիլը»  ուսումնարանին տրամադրելու է հաստոցներ , իսկ ուսումնարանը պատրաստելու է կադրեր  տեքստիլի համար: Պայմանագրին հաջորդեցին կոնկրետ գործնական քայլեր: Գործարարի եւ  ուսումնարանի տնօրենի կողմից մշակվեց կոնկրետ ծրագիր, կատարվեցին հաշվարկներ, շենքերի չափագրումներ; Պարզվեց  որ համայնքի կողմից ուսումնարանին անհատույց տրամադրված շենքը տեխնիկապես չի համապատասխանում , լավագույն արտադրական տարածք կարող էր լինել պետական քոլեջի շենքը,որը պետք է միանար ուսումնարանին(օպտիմալացման ծրագիր էր ): Համատեղ որոշվեց  մինչ կառավարության որոշումը նախնական քայլեր անել; 2019 թվականի մարտի 21 ին  կառավարության որոշմամբ  Բերդի պետական քոլեջը  եւ   Բերդի արհեստագործական  պետական ուսումնարանը լուծարման արդյունքում   վերակազմակերպվեցին Բերդի պետական բազմագործառութային քոլեջի ։  Գործընթացը դեռևս չի ավարտվել , սակայն կապված համագործակցության հետ բավականին աշխատանք է կատարվել.

·         Ուսումնարանը  ստացել է լիցենզիա երկու մասնագիտությունների գծով՝ դերձակներ (միջնակարգ կրթության հիմքով)  եւ  էլ.սարքավորումների տեխնիկական սպասարկում, էլեկտրիկ- փականագործներ՝(հիմնական կրթության հիմքով) ։

·         Էլեկտրիկ փականագործները իրենց պրակտիկան անց են կացնում գործարանում,

·         Կազմվել է ուսումնական ծրագրեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության  համար(տեքստիլի)։

Կապված հետագա ծրագրերի հետ գործարարը եւ  տնօրենը հունիսի սկզբին քննարկել են նաեւ  կարի արտադրության հետագա զարգացման հետ կապված իրենց անելիքները: Հունիսի վերջին ուսումնական տարին ավարտելուց հետո քոլեջը տեղափոխվելու է նախկին վարժարանի շենքը, իսկ  քոլեջի շենքը  կծառայի որպես ուսումնական կենտրոն, որտեղ կզարգացնենք դուալ կրթություն:

Ամենակարեւորը՝ գործարարի եւ տնօրենի միջև ստեղծվել է փոխադարձ վստահություն եւ  հավատ»: 25 տարի քոլեջը տնօրինող Աննա Ավալյանը բազում հաջողությունների  է հասել իր աշխատանքում,  նա երբեք  դժվարություններից չի նահանջում,ինչը վստահություն է ներշնչում, որ նշված ծրագիրը հաջողությամբ կիրականացվի։

 

Հրապարակվել է։ 07:47 25/06/2019