CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում ՏՏ ոլորտի մասնագետներ կպատրաստվեն


Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Տավուշի մարզպետարանը, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղը եռակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում ապրիլի 1-ից ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր:  Ծրագրի նպատակն է նպաստել Տավուշի մարզում ՏՏ  ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության զարգացմանը:  Հայ օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրով Իջեւանում կանցկացվեն 8 ամիս տեւողությամբ դասընթացներ: Մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում այդ առթիվ կայացավ մամուլի ասուլիս: Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանը կարեւորեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, նշելով, որ Տավուշի մարզում 40 «Արմաթ»  լաբորատորիա կա, մեկ տարվա ընթացքում մարզի բոլոր համայնքներում կգործեն նման լաբորատորիաներ, «Թումո» կենտրոն է  գործում Դիլիջանում, Կողբում այդ կենտրոնի շինարարությունն ընթացքի մեջ է: Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանն ասաց, որ իր երազանքն իրականություն է դառնում, երբ երիտասարդները մասնագիտություն ձեռք բերելու համար Երեւան կամ արտերկիր չեն մեկնում,  սովորում են իրենց քաղաքում: Նա ասաց, որ Հայկ Չոբանյանի Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո վստահություն առաջացավ, որ ծրագիրը Տավուշում հաջողությամբ կիրականացվի: Ծրագիրը ողջունեց նաեւ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը նշեց, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը 25 տարեկան  է, կրթօջախի սաներն աշխատաշուկայում մրցունակ են :  Ամալյա Եղոյանին հարց տվեցինք՝    մասնակից երիտասարդները  դասընթացի ավարտին Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար  ընկերություններում աշխատանքի կընդունվե՞ն: Նա ասաց, որ դասընթացները կանցկացնեն այդ ընկերությունների մասնագետները,  ավարտից հետո մասնակիցները համապատասխան վկայական ստանալով՝  կաշխատեն նշված ընկերություններում: Դասընթացների մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցով, դիմելու վերջնաժամկետը մարտի 25-ն է՝ ներառյալ:

Հրապարակվել է։ 12:32 18/03/2019