Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խնդիրներ Իջեւանի թիվ 3 եւ Զորականի դպրոցներում

Մամուլում հրապարակում է եղել, որ Իջեւան քաղաքի  թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանը, ով  ֆիզկուլտուրա է դասավանդում, սակայն չունի մանկավարժական  կրթություն,  վեճի է բռնվել  իր դպրոցի  աշակերտներից մեկի ծնողի հետ եւ ջարդել  վերջինիս դունչը, աշակերտները վախենում են հաճախել  Հրայր Պողոսյանի վարած դասերին։  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ ինքն այդ հրապարակման կապակցությամբ  զրույց է ունեցել Հրայր Պողոսյանի հետ, ով ժխտել է աշակերտներից մեկի ծնողի  դունչը ջարդելու մասին տեղեկությունը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի « Իրավական ակտեր» խորագրի ներքո տեղադրված է   մարզպետ  Հայկ Չոբանյանի հունվարի 29-ի  որոշումը, որով Իջեւանի թիվ 3 միջնակարգ  դպրոցի տնօրենի պարտականությունները, մինչեւ մրցույթով դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը,  դրվել   են Նարինե Աթաբեկյանի  վրա։  «Տեսանկյունը»  Մանե Ղազումյանին  հարցրեց,թե  դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանին պաշտոնից ազատելը կապ ունի՞ վերջինիս կողմից աշակերտի ծնողի դունչը ջարդելու հետ։ Մ․ Ղազումյանն ասաց, որ  Հրայր Պողոսյանին պաշտոնից ազատելը կապված է այն բանի հետ, որ լրացել է նրա պաշտոնավարման հնգամյա ժամկետը, դպրոցների օրինակելի նոր կանոնադրությամբ տնօրենի պաշտոնավարման  ժամկետը լրանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում այդ դպրոցի տնօրենի տեղակալներից մեկը, ով դպրոցի կառավարման խորհրդի անդամ չէ։ Ինչո՞ւ Հ․ Պողոսյանի  աշխատանքային պայմանագիրը լուծելու մարզպետի որոշումը տեղադրված չէ Տավուշի մարզպետարանի  ինտերնետային էջում,  այդ հարցին Մանե Ղազումյանը չկարողացավ  պատասխանել։  

Խնդիրներ կան նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի դպրոցում։ Այդ դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանը փետրվարի 3-ին զանգահարեց  «Տեսանկյունի» խմբագրին, դժգոհեց, որ վերջինս իր հրապարակումներում  շատ է տեղ տալիս այդ դպրոցի  հայոց լեզվի եւ  գրականության ուսուցչուհի, ներկայումս աշխատանքից ազատված Արեւիկ Բաղիրյանի  վկայություններին եւ հայտնեց, որ ինքը դիմում  է գրել պաշտոնից ազատվելու մասին։  Ս․ Խոջոյանին հարցրինք  պաշտոնից ինքնակամ ազատվելու պատճառը, նա ասաց, որ իր նյարդերը այլեւս չեն դիմանում։ Մարզպետարանի կրթության վարչության  պետի պաշտոնակատարին հարցրինք Զորականի դպրոցի երկարամյա տնօրենի հրաժարականի մասին։ Մ․ Ղազումյանն ասաց, որ այդ դիմումին սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ընթացք կտրվի, նաեւ հավելեց, որ Զորականի միջնակարգ  դպրոցում խնդիրներ կան, իրենք փորձելու են դրանք ինչ-որ կերպ կարգավորել։

Հրապարակվել է։ 07:04 06/02/2020