Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

newarmenia.am. «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները պահանջում են տնօրենի ԺՊ-ի հրաժարականը»


ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ պահանջում են մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հրաժարականը։ NewArmenia.am-ը խնդրի մանրամասների վերաբերյալ զրուցել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանի հետ։

 «Մենք այս հեղափոխությունից հետո միակենտրոն, միահեծան կառավարման ձևին դեմ արտահայտվեցինք, փոփոխություն եղավ համալսարանում կառավարման տեսանկյունից։ Երբ մեր թիմը եկավ, այն դարձավ լրիվ թափանցիկ, որոշումները քննարկումները, մրցույթները գործի ընդունման ամեն ինչը, ըստ կարգի, ընթացակարգի։ Ցավոք սրտի մեր տնօրենը առողջական խնդիրներ ունեցավ, ինչի պատճառով տնօրենի հաստիքը թողեց, ինչից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Անուշավան Մակարյանը»,-ասաց Արման Եգանյանը։

 Վերջինս նշեց, որ Մակարյանը նշանակվել է սեպտեմբերին և չորս ամսվա ընթացքում իրենց թիմը հստակ նկատում է, որ վերադարձ է կատարվում հնին, այսինքն՝ եսակենտրոն կառավարման գաղափարախոսությանը։

Նա նշեց, որ ունեն կանոնադրություն, ըստ որի համալսարանը ղեկավարվում է և  ըստ կանոնադրության առաջին կետի համալսարանի ղեկավար մարմինը՝ գիտխորհուրդն է, իսկ բոլոր ստորաբաժանումները, ֆակուլտետները, ընդհուպ՝ տնօրենը, ամենամյա հաշվետվություն ներկայացնում են գիտխորհրդին, նոր ստորաբաժանումներ ձևավորելը լուծարելը, վերակազմակերպելը ցանկացած գիտահետազոտական, գիտատեխնիկական նմանատիպ փոփոխությունները պետք է քննարկվի գիտխորհրդում՝ ըստ կանոնադրության և ներկայացվի ԵՊՀ ռեկտորի հաստատմանը։

«Մենք դեկտեմբերին ունեցանք տարեվերջյան գիտխորհուրդ, որտեղ ընդհանրապես խոսք չգնաց նոր ստորաբաժանումների կազմավորման մասին, բայց, այնինչ, համալսարանում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, մի շարք բաժիններում, հաստիքացուցակներում տեղի են ունեցել փոփոխություններ և այդ ամենը տնօրենի պաշտոնակատարը պարզաբանում է, որ ինքն է որոշել, ունի այդ լիազորությունը և գիտխորհրդում քննարկումը նպատակահարմար չի գտնում։ Այսինքն՝ մենք այստեղ հստակ տեսնում ենք ոչ թափանցիկ աշխատելաոճ։ Իմ բաժնում  եղել են մի շարք փոփոխություններ և ես այդ մասին տեղյակ չեմ եղել, հաստիք է տեղափոխվել այլ բաժին, հաստիքների անվանումներ են փոխվել, դրանց մասին ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել։ Մենք մտել ենք իր մոտ, երբ ես իրեն հարց եմ ուղղում, թե ինչո՞ւ ես տեղյակ չեմ այդ մասին, ինքն ասում է, որ բաժիններում ես քննարկում եմ իրականացրել, և ում հետ նպատակահարմար եմ գտել քննարկում իրականացրել եմ։ Իսկ իմ այն հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ նպատակահարմար չգտաք արտաքին կապերի բաժնի հետ քննարկել, ինքն ուղղակի պատասխանում է՝ ես եմ որոշել»,-ասաց Արման Եգանյանը։

 Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց կանոնադրության մեջ ունեն տնօրենի լիազորություններ, որտեղ իրոք իր լիազորությունների մեջ կետ կա, որ տնօրենը առաջարկ կարող է ներկայացնել՝ ստորաբաժանումների ստեղծման լուծարման, բայց ինքը կառավարման տեսանկյունից անտեսում է, որ մասնաճյուղն ունի վերադաս կառավարման մարմին, որը՝ գիտխորհուրդն է։

«Մենք ամենամյա հաշվետվություն ներկայացնում ենք գիտխորհրդին, գիտխորհուրդը մեզ գնահատում է բավարար ենք աշխատել, թե՝ անբավարար։ Այս պարագայում, եթե մենք նայենք իր հղումներին, որ ես միանձնյա լիազորություն ունեմ, էլ իմաստ չկա՝ մենք ամենամյա հաշվետվություն ներկայացնենք գիտխորհրդին, մենակ իրեն կներկայացնենք։ Ստեղծվել է Տավուշի հետազոտական կենտրոն, որը լրիվ նոր կառույց է և այդ մասին չի քննարկվել գիտխորհրդում, ստեղծվել է կրթության բարելավման և դասախոսների վերապատրաստման նոր բաժին, որն ընդհանրապես չի քննարկվել։ Գիտխորհդում օրակարգային և ընթացիկ հարցերում նմանատիպ կետեր ներառված չեն եղել։ Ես դիմել եմ կադրերի համապատասխան բաժին, բայց ինձ հաստիքացուցակ չեն տրամադրել։ Ես իմ բաժնի հաստիքացուցակը ցանկացել եմ տեսնել, բայց ինձ ասել են, որ դա չեն կարող տրամադրել, որովհետև վերևից չունեն այդ  հրամանը, որ տրամադրեն»,-ասաց Արման Եգանյանը։

Մյուս խնդիրը՝ ըստ Արման Եգանյանի, դա  բարոյահոգեբանականն է, դա տնօրենի ԺՊ-ի վերաբերմունքն է՝ աշխատակիցների նկատմամբ, չբարևելու համար աշխատակցի հետ կոնֆլիկտ առաջացնելը, ուսանողներին քննության ժամանակ լացելու աստիճանի հասցնելը, աշխատակիցների հետ քամահրական վերաբերմունքը։

Վերջինիս խոսքով՝ իրենք երկար ժամանակ պայքարել են այդ ամենի դեմ, հիմա եկել են այդ ամենն այս պահին տեսնում են։ Նրանք խնդրի վերաբերյալ Անուշավան Մակարյանի հետ խոսել եմ ամբողջ թիմով և ներկայացրել իրենց պահանջը՝ ասելով, որ նրա աշխատելաոճը չի բխում նոր Հայաստանի գաղափարախոսությունից և մարդիկ առաջվա նման վախի մթնոլորոտում են ու լարվածության մեջ։

 «Մենք պահանջում ենք նրա հրաժարականը, միանշանակ ասում ենք՝ դուք պետք է չաշխատեք»,-իր խոսքն այսպես եզրափակեց Արման Եգանյանը։



 

Հրապարակվել է։ 13:08 24/01/2020