Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խառը վիճակ՝ Զորականի դպրոցում


Կողբ համայնքի մաս կազմող Զորական գյուղում բնակվում  են Ադրբեջանի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից  բռնագաղթածները։ Զորականի միջնակարգ դպրոցում  կրքերը լարված են։   Հայոց լեզվի եւ գրականություն ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը  հայտնեց, որ լարվածությունը սկսվեց անցյալ տարվա հունվարից, երբ ինքը  դպրոցի տնօրեն Սիլվա Խոջայանին  հայտնեց   դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր ստանալու   ցանկության մասին։ Արեւիկի  վկայությամբ՝ տնօրենն իրեն ասել է՝ գյուղական միջավայրը ճահիճ է, պետք չէ դպրոցի տնօրեն դառնալ։  Արեւիկն ասաց, որ տնօրենը  մեծ դժվարությամբ , մի շաբաթ ձգձգելով  է իրեն տրամադրել հավաստագիր ստանալու համար դպրոցից ներկայացվող տեղեկանքը։ Արեւիկի եղբայր Արամը նույն դպրոցում պատմություն է դասավանդում։ Արեւիկը հայտնեց, որ տնօրենն իրեն ասել է, որ եթե   չի ուզում, որ  Արամը շառի մեջ ընկնի, ինքը  պետք է ետ կանգնի հավաստագիր ստանալու մտքից, քանզի տնօրենի պաշտոնում իր  հաջորդին ինքն է որոշելու։ Արեւիկ Բաղիրյանը պատմում է, որ դրանից քիչ հետո  դպրոցի հավաքարարն  ավելը ձեռքին իրեն սպառնացել է, ասելով՝ ով տիկին Սիլվայի ոտի տակը քանդի, ավելը մեջքին ջարդելու եմ։ Արեւիկի վկայությամբ՝ այդ հավաքարարի աղջիկը՝ Հասմիկ Խաչատրյանը դպրոցի համակարգչային օպերատորն է,նա   ակնարկելով Արեւիկի կողմից դպրոցի տնօրեն դառնալու ցանկությունը,   Ֆեյսբուքում գրել է՝  ծիտը երազում կորեկ է տեսնում։  Արեւիկ Բաղիրյանն ասաց, որ Սիլվա Խոջայանը  հավաստագիր ստանալու համար ուղարկել  է իր թեկնածուին՝ դպրոցի աշխարհագրության  ուսուցչուհի  Ռուզաննա Ազարյանին, ով Հասմիկ Խաչատրյանի քրոջ տալն է, սակայն վերջինս կտրվել է  հավաստագիր ստանալու քննությունից։ Արեւիկ Բաղիրյանը ստացել է այդ հավաստագիրը։ Արեւիկը պատմեց, որ Զորականի դպրոցի վերաբերյալ  քրեական գործ է  քննվում, որն առնչվում է Ռուսաստանում տեւական ժամանակ  գտնված մի աշակերտին  կեղծ գնահատականներ նշանակելուն։ Նա  ասաց, որ  իր  հավաստագիր ստանալու հաջորդ օրը  տնօրեն  Խոջայանը դպրոցի աշխատողներին հրահանգել է իրեն չբարեւել։  Արեւիկ Բաղիրյանը թվարկում է դպրոցում առկա անօրինականությունը եւ բարեկամական կապերը։ Ռուզան Ազարյանի մայրը երկար ժամանակ գրանցված է եղել որպես դպրոցի դռնապան, սակայն  դռնապանի պարտականություններ չի կատարել, դպրոցում աշխատում են կեղծ դռնապանի աղջիկը, հարսը, հարսի քույրը, հարսի մայրը, տեգոր կինը։Զորականի դպրոցում են աշխատում տնօրեն  Խոջայանի  եղբայրը ,եղբոր կինը, քեռու հարսը, մորաքրոջ թոռը։  Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ 2019թսեպտեմբերին  դպրոցից ոստիկան են հրավիրել, իբր   ինքը հոգեպես անհավասակշիռ է։  Նա  ասաց, որ աշակերտներին տրամադրել են իր դեմ,  մի անգամ  դասարանի դուռն է իր դեմ փակված տեսել, մյուս անգամ՝ աշակերտները մուրաբա են քսել ուսուցչի աթոռին, որին նստել է  ինքը, դպրոցի բակում ծակել են իր եղբայր Արամի ավտոմեքենայի անվադողերը եւ այլն։ Նա հայտնեց, որ տնօրեն Խոջայանը շինծու պատրվակներով 2 անգամ նկատողություն է հայտարարել  իրեն, որպեսզի իրեն ազատի աշխատանքից։ Արեւիկ Բաղիրյանը 33 տարեկան է, որից 13 տարին դասավանդում է  Զորականի դպրոցում։ «Տեսանկյունը»    հարցեր ուղղեց Սիլվա Խոջայանին։ Նա հաստատեց, որ հունվարի 18-ին դպրոցում դասադուլ է եղել, նաեւ այն, որ ինքը 2 նկատողություն է տվել Արեւիկ Բաղիրյանին, սակայն ասաց, որ աշխատանքից չի ազատել  նրան։Տնօրենն ասաց, որ ինքը 40 տարվա մանկավարժական ստաժ ունի, որից 22 տարին պաշտոնավարել է որպես դպրոցի  տնօրեն։ Նա ասաց, որ Արեւիկը կոնֆլիկտային  բնավորություն  ունի, գյուղի աշակետները եւ ծնողները իրենից պահանջել են նրան ազատել աշխատանքից։  Ս Խոջայանը հաստատեց դպրոցի վերաբերյալ քրեական գործի առկայությունը, հավելելով, որ իրենք այդ աշակերտին թողել են նույն դասարանում; Տնօրենի խոսքերով՝ ինքը 62 տարեկան է, իր հավաստագրի ժամկետը լրանալուն դեռ 2 տարի կա, ինքը չի որոշելու , թե ով է լինելու դպրոցի տնօրենի պաշտոնում իրեն փոխարինողը։ Նա ասաց, որ Արեւիկ Բաղիրյանը լարվածություն  է ստեղծում, որպեսզի վերադասի՝ մարզպետի ուշադրությունը հրավիրի, թե ինչ վատ վիճակ է Զորականի դպրոցում։ Նա հայտնեց, որ Ռուզաննա Ազարյանը փետրվարի 10-ին  նորից է հավաստագրի համար քննություն հանձնելու։Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ ինքը եղել է Զորականի  դպրոցում,բոլորին հորդորել համերաշխ  աշխատել, որպեսզի դասապրոցեսը չտուժի։

Հրապարակվել է։ 05:59 22/01/2020