Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի 3 դպրոցներում առաջին դասարանցի չկա

Տավուշի մարզի հանրակրթական  դպրոցներ նոր ուսումնական տարում հաճախում է  1630 առաջին դասարանցի։  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ այդ թիվը կարող է փոփոխվել, քանի որ առաջին դասարանների կոմպլեկտավորումը դեռ ավարտված չէ։ Նրա վկայությամբ՝  մարզի 3 դպրոցներ՝  Աճարկուտի հիմնական դպրոցը, Լուսահովտի հիմնական  դպրոցը եւ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն  այս տարի առաջին դասարանցի չունեն։   Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից  խորհրդային տարիներին եւ հատկապես՝ Հայաստանի անկախանալուց հետո  մեծ արտագաղթ է եղել: 1970-ական թվականների կեսերին  Բարեկամանի 8-ամյա   դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ 9-10 դասարանցի բարեկամավանցիները  ուսումնառությունը շարունակում  հարեւան Կոթի գյուղի եւ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում։ 2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան  դպրոցում սովորում էր 35 աշակերտ:  Այդ  դպրոցը նախանցյալ  ուսումնական տարում ուներ 18 աշակերտ, անցյալ ուսումնական տարում 17, հիմա՝ 16 աշակերտ:  Միջնակարգ դպրոցի  1-4 դասարաններում այժմ կա մեկ  աշակերտ՝  անցյալ ուսումնական տարում  առաջին դասարան հաճախած Արեն Ղարաքեշիշյանը: 

Հրապարակվել է։ 08:40 04/09/2019